«Ապրելու երկիրը» և ՀԱԿ-ը Ալավերդիում վերցնում են իշխանությունը

Բարձունքում՝ Սանահինը, ներքևում՝ Ալավերդին։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի։

«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունները Ալավերդի համայնքում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններից հետո այսօր հայտարարել են կոալիցիա կազմելու մասին։

Երկու կուսակցությունների համատեղ հայտարարությունում նշվում է, որ համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվում և ընտրվում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանը։ Կուսակցությունները համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում ՀԱԿ-ի ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը։

«Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատբնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները»,- նշվում է հայտարարությունում։ Նշվում է, որ հուշագիրը գործելու է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար։

***

Սեպտեմբերի 25-ին Ալավերդիի համայնքային ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ ՀԱԿ-ը ստացել էր մեկ մանդատ, որը որոշիչ էր ընտրություններից հետո համայնքային իշխանություն ձևավորելու հարցում։

Տե՛ս նաև՝ Հետընտրական Ալավերդի․ ինչ կլինի, եթե ՀԱԿ-ը որոշի կոալիցիա չկազմել որևէ մեկի հետ

Մեկնաբանել