Հայաստանը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին

Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն։

«Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է։

Միաժամանակ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։

***

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում, ըստ ամենայնի, ադրբեջանցի զինվորականները սպանում են գերեվարված հայ զինծառայողների։ Պատերազմական հանցագործությունը ենթադրաբար տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ։ Տեսնայութում երևում է, որ ադրբեջանցի զինվորականները չորս կողմից ինքնաձիգներից կրակ են բացում գետնին նստած մոտ հինգ հայ զինվորների վրա։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է այս դեպքին՝ Թվիթերում անելով հետևյալ գրառումը․

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, որում, ըստ ամենայնի, մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիներին: Եթե ​​ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, և մեղավորները պատժվեն»:

Մեկնաբանել