Էներգիայի պակասուրդը կարող է խարխլել ԵՄ միասնությունը․ Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն 

Հոդվածը հրապարակվել է ֆրանսիական՝ էներգետիկ ոլորտի հետազոտություններով զբաղվող Petrostrategies ընկերության World Energy Weekly շաբաթագրում (հոկտեմբեր 2, 2022)։

Էներգիայի պակասուրդը, որը թերևս սրվի այս ձմռանը, կարող է խարխլել ԵՄ միասնությունը և առաջացնել սոցիալական հուզումներ: Այսպիսի նախազգուշացում է արել Միջազգային էներգետիկ գործակալության (International Energy Agency) տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։ Նա մտավախություն է հայտնում, որ իրադրությունը կարող է նմանվել «Վայրի Արևմուտքի» սցենարին, եթե եվրոպական որոշ երկրներ որոշեն սահմանափակել էներգակիրների իրենց ներմուծում/արտահանումը կամ որոշեն դադարեցնել գործակցությունը հարևանների հետ: «Եթե Եվրոպան ձախողի էներգետիկ այս թեստը, դրա հետևանքները կարող են էներգետիկայից անդին անցնել»,- ասում է Բիրոլը: Այս ոլորտում առերեսվելով աննախադեպ ճգնաժամի՝ ԵՄ երկրները փորձում են որոշակի միասնություն պահպանել։ Սակայն Արևմուտքի միասնության ճեղքերը վերջին մի քանի շաբաթների ընթացքում արդեն իսկ ի հայտ են եկել, նույնիսկ՝ հենց Եվրոպայում։

Ըստ Ֆաթիհ Բիրոլի՝ առաջիկա ամիսների համար ըստ էության երկու հնարավոր սցենար կա։ Առաջինի դեպքում «ԵՄ-ն և [նրա] անդամները կաշխատեն համերաշխ՝ աջակցելով միմյանց»։ Երկրորդի դեպքում այդ համերաշխությունը կմարի, ինչը «բացասաբար կանդրադառնա ԵՄ դերի վրա ամբողջ աշխարհում»։

Միջազգային էներգետիկ գործակալությունը մտահոգ է, որ վերջին ամիսներին ձեռնարկված ջանքերը թուլացել են, մինչդեռ այդ ջանքերը եվրոպացիներին հնարավորություն էին տվել բնական գազի մեծ պաշարներ կուտակել ձմռանը դիմակայելու համար: Ըստ Բիրոլի՝ եթե անգամ Եվրոպան խուսափի գազի մատակարարման հարցում հետագա «բացասական անակնկալներից», այն կարող է լուրջ խոչընդոտների բախվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Գործակալությունը զգուշացնում է ռեցեսիայի (հնարավոր է՝ ծանր) մասին՝ ընդգծելով տնային տնտեսությունների բյուջեների վրա դրա զգալի հարվածը, հատկապես գնաճի և էներգակիրների գների պատճառով: Ըստ Բիրոլի՝ Եվրոպայի ներկայիս էներգետիկ ճգնաժամը կտևի մինչև 2023-ը՝ հաշվի առնելով էներգիայի (սահմանափակ) մատակարարումը և ուժեղ մրցակցությունը հեղուկացված գազի (LNG) համաշխարհային շուկայում, հիմնականում՝ Արևելյան Ասիայի և Եվրոպայի միջև:

Միջազգային էներգետիկ գործակալության տնօրենը նաև նշում է, որ մինչև հաջորդ տարի շահագործման կհանձնվի հեղուկ գազի ընդամենը մի քանի նոր նախագիծ: Ըստ նրա՝ դեպի ԵՄ գազատարները (Ալժիրից, Նորվեգիայից և նույնիսկ Ադրբեջանից) մոտ են իրենց առավելագույն թողունակությանը։ Չնայած այս ամենին, նա կարծում է, որ Մոսկվան Եվրոպայի դեմ էներգետիկ պայքարում արդեն իսկ պարտվել է։ «Ռուսաստանը կորցրել է լավ հաճախորդի և ընդմիշտ։ Այդ հաճախորդը ժամանակին վճարում էր գումարը և քաղաքական խնդիրներ չէր ստեղծում»,- ասում է նա։

Միջազգային էներգետիկ գործակալությունը թերահավատ է Ռուսաստանի այն պնդման վերաբերյալ, որ նա գազի արտահանման ուղղությունը փոխում է դեպի Ասիա։ «Դուք շուկայում սոխ չեք վաճառում: Պետք է կառուցել խողովակաշարեր, ենթակառուցվածքներ, լոգիստիկա։ Դա կտևի առնվազն տասը տարի»,- ասել է Ֆաթիհ Բիրոլը:

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Մեկնաբանել