Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ տարածքներից դուրսբերման, հայ ռազմագերիների ազատ արձակման, հրադադարի ռեժիմի պահպանման հրամայականը:
«Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, և շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից նշում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ժնևում տեղի է ունենալու նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։