Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Մինսկի խմբի ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների հետ

Հոկտեմբերի 2-ին Ժնևում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահներ Ֆիլիպ Ռիքերի և Բրիս Ռոքֆոյի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպումների ընթացքում Միրզոյանը զրուցակիցների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։

Ֆիլիպ Ռիքերի հետ հանդիպմանը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված պատերազմական հանցագործություններին, ընդգծել է, որ «հայկական կողմը գործադրելու է բոլոր ջանքերը` մեղավորներին համարժեք պատասխանատվության ենթարկելու համար։

Ժնևում այժմ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Մեկնաբանել