Ժնևում ԱԳ նախարարներն անդրադարձել են «Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծմանը», այլ հարցերի

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները հաղորդագրություններ են տարածել հոկտեմբերի 2-ին Ժնևում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին։

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ, կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հայկական կողմին ներկայացվել է «Բաքվի առաջարկած հինգ հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղության համաձայնագրի տարրերը»։

«-Նշվել է միջպետական ​​հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված ջանքերի կարևորությունը։

-Հաշվի առնելով ստեղծված լարվածությունը՝ առաջարկվում է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես նախապես ծրագրված էր, այլ հոկտեմբերին։

-Շեշտվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքից հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերման, հնարավորինս սեղմ ժամկետներում հաղորդակցությունների բացման և սահմանների սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը։

-Պաշտոնական Բաքուն հայտնել է իր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամության մասին։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել