Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի

Ադրբեջանը հաստատել է, որ սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, «Մեդիա Կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը։

«Գերիների մասին ներկայացվել է շատ ընդհանուր տեղեկատվություն, թեև դատարանը պահանջել էր, որ ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել, այդ թվում՝ նրանց բժշկական փաստաթղթերը՝ բժշկական հետազոտությունների ենթարկվե՞լ են, թե՞ ոչ։ Մեր համար նորություն չէ Ադրբեջանի նման վարքագիծը։ Ցավոք, Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը դատարանը պահանջում է։ Շատ ընդհանուր տեղեկություն են ներկայացնում»,- ասել է նա։

Քարազյանը նշել է նաև, որ գերեվարված հայ զինծառայողների գնդակահարման տեսանյութի վերաբերյալ այս պահին գրասենյակում աշխատանքներ են ընթանում։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 4 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: