Ներկրվող ցեմենտի տուրքը կսահմանվի 2 000 դրամ, իսկ կլինկերի համար տուրքը կվերացվի

Օրենսդրական նախաձեռնությամբ ներկրվող ցեմենտի տուրքը 14 հազար դրամի փոխարեն կսահմանվի 2 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի։

«Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9 000 դրամ՝ նախկին 14 000-ի փոխարեն, այլ՝ 2 000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 3-ի արտահերթ նիստում ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, հաղորդում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Հովիկ Աղազարյանը, որն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել։

Թունյանի խոսքով՝ փոփոխվել է նաև օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Այն կյանքի կկոչվի հրապարակման հաջորդ օրվանից:

«Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնպես անդրադարձել է ցեմենտի շուկայի խնդիրներին, տեղեկացրել, որ հարեւան երկրներում ցեմենտն ավելի էժան գնով է իրացվում: Նրա հավաստմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունն առաջ է շարժվում՝ հաշվի առնելով բալանսավորված շահը»,- տեղեկացնում է ԱԺ կայքը։

Մեկնաբանել