Ակադեմիական քաղաքի գաղափարը կա, կառուցման ժամկետները՝ ոչ

Ակադեմիական քաղաքի գաղափարը լավն է, սակայն դրա կառուցման ժամկետները դեռ հայտնի չեն․ Ազգային ժողովում ներկայացնելով Հայաստանի կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը՝ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մանրամասնելով, որ նախարարությունը չէ այդ քաղաքի կառուցողը։

«Մենք էլ ենք ուզում ունենալ նման քաղաք։ Աշխարհում շատ կան նման քաղաքներ։ Կոնկրետ շինարարության մասով չեմ կարող մանրամասնել, քանի որ դա գլոբալ, մեծ նախագիծ է։ Շատ լավ գաղափար է։ Մենք շուտով, կարծում եմ, կունենանք, թե գործընթացն ինչպես է տեղի ունենալու ու երբ կավարտվի, բայց դա կախված է նաև մեր գործընկերներից»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ կստեղծվեն 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչ ութ բուհ, չի բացառվում վճարովի ուսուցման հնարավորությունը։

«2030-ին առնվազն չորս հայաստանյան բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ»,- նշեց Դումանյանը։

Ռազմավարության մեջ ևս հստակություն չկա ակադեմիական քաղաքի կառուցման մասին, միայն նշվում է, որ այն «կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ հանձինս ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքների առկայության»։

2022-ի սեպտեմբերի 1-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ակադեմիական քաղաքի մասին՝ հայտնելով, որ այն կկառուցվի Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքում։ Փաշինյանի խոսքով՝ «կունենանք ութ պետական բուհ, որոնք էլ կտեղափոխվեն Աշտարակ՝ ակադեմիական քաղաք»։

Նիկոլ Փաշինյանն այս գաղափարն առաջին անգամ շրջանառեց 2021-ի մարտի 28-ին։ «Կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»,- հայտարարել էր Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ մանրամասնելով, որ Հայաստանի բուհերի շենքային պայմնանները չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել