ԱԺ-ն քննարկում է Սասուն Խաչատրյանի չստացած աշխատավարձի հարցը

Կառավարությունը փոփոխություն է բերել, որով նախատեսվում է կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի աշխատավարձի հարցը։ Նախագիծը խորհրդարանի հոկտեմբերի 4-ի նիստին ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա մանրամասնեց, որ նախագիծը երեք հարցի է անդրադառնում, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի աշխատավարձին։

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է շատ ավելի շուտ, քան ուժի մեջ է մտել կոմիտեի մասին օրենքը։

«Առաջարկվում է հետադարձության կանոնի ուժով սահմանել, որ կոմիտեի նախագահի վարձրատրության կտորները շատ ավելի շուտ են ուժի մեջ մտնում, և պաշտոնի նշանակման պահից մինչև օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածում ևս վարձրատրությունը համապատասխան կերպով հաշվարկվում է ու վճարվում կոմիտեի նախագահին»,- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Սասուն Խաչատրյանի վարձատրությունը կկազմի շուրջ 1,1 մլն դրամ։

Կարևորելով նախագիծը՝ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց, թե օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից ինչքանո՞վ է տրամաբանական ու արդյունավետ Խաչատրայնի աշխատավարձի հարցի լուծումը։

«Արդյոք առկա չէ՞ որևիցե այլ լուծում, որպեսզի այս օրենսդրական լուծումը չսահմանափակվեր, ըստ էության, անհատական բնույթի դրույթով»,- հարցրեց պատգամավորը։

Փոխնախարարն ասաց, որ իրավիճակը բավական առանձնահատուկ է, քանի որ գործ ունենք Հատուկ քննչական ծառայության լուծարման հետ։ Բացի այդ, նախագծով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում կսահմանվի և կհստակեցվի Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց՝ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը, ինչպես նաև կապահովվի ՀՔԾ նախկին աշխատակիցների սոցիալական երաշխիքներից օգտվելու իրավունքի իրացումը։

Մեկնաբանել