Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Բենյամին Գանցին: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Turan լրատվական գործակալությունը։

Հասանովն ու Գանցը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարբեր ռազմական մասնագետների մակարդակով աշխատանքային հանդիպումների կազմակերպման հարցը:

Հանդիպմանը Հասանովը շեշտել է ադրբեջանա-իսրայելական գործընկերության բարձր մակարդակը, որը «ծանրակշիռ դեր ունի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»: Գանցն իր հերթին ընդգծել է երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ 2016-2020-ին Ադրբեջան ներկրվող սպառազինության 70 տոկոսը եղել է Իսրայելից։

2016-ի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի զենք։

Մեկնաբանել