Թբիլիսիի միջնորդությունը հայ-ադրբեջանական գործընթացում․ կարծիքներ Վրաստանից

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Թբիլիսիում

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Վրաստանի վարչապետը կրկին հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է լինել հարթակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար: Ղարիբաշվիլին հավելեց, որ նաև որ բոլոր այն գործողությունները, որոնք բացասաբար են անդրադառնում տարածաշրջանային անվտանգության միջավայրի վրա, պետք է «մեր ընդհանոր անհանգստության պատճառը դառնան»:

Ղարիբաշվիլին հիշեցրեց Վրաստանի միջնորդությամբ նախորդ տարի իրականացված գործարքի մասին, որում, Վրաստանի վարչապետի պնդմամբ, ինքը անձնական դերակատարություն է ունեցել: Խոսքը նախորդ տարվա հունիսին Ադրբեջանի կողմից ազատ արձակված 15 հայ գերիների մասին է: Այդ ժամանակ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանը գերիներին ազատ էր արձակել Աղդամում ականապատ տարածքների քարտեզների դիմաց: Իրակլի Ղարիբաշվիլին այն ժամանակ հայտարարել էր, որ անձամբ է ներգրավված եղել բանակցություններում՝ 24-ժամյա ռեժիմով աշխատելով կողմերի հետ: Նույն շրջանում արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող Դավիթ Զալկալիանին տեղի ունեցածը համարել էր մեծ դիվանագիտական հաղթանակ. «Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ 30 տարի դիվանագիտական ծառայություն եմ իրականացնում: Բոլոր իշխանությունները փորձել են միջնորդի դեր ստանձնել, սակայն կոնկրետ արդյունք չի եղել: Սա երկրի համար շատ մեծ հաղթանակ է»,- հայտարարել էր Զալկալիանին և հավելել, որ սրանով հստակեցվել է Վրաստանի դերը և գործառույթը անգտանգության ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ համակարգերում:

Լանա Գալդավան

Ընդդիմադիր «Լելո» խմբակցության խորհրդարանական քարտուղար, միջազգային հարաբերությունների դոկտոր Լանա Գալդավան Սիվիլնեթի հետ զրույցում նշում է, որ Վրաստանը պատմականորեն միջնորդի գործառույթ է ունեցել, և դա պետք է շարունակել նաև այսօր, սակայն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չի տեսնում: Ըստ Գալդավայի՝ պետք է ռազմավարություն մշակել՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, իսկ Ղարիբաշվիլիի անձնական դերը անընդհատ նշելը «քաղաքական շահարկում է»։

«Ղարիբաշվիլին զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Նա է ներկայացնում պետությանը, ժողովրդին և օժտված է իշխանությամբ: Ու եթե նա իր հնարավորություններն է օգտագործում, ապա դա պետության դիրքորոշումն է: Ընդհանրապես չեմ հասկանում այս գործում անձնական դերակատարության մասին խոսակցությունը»,- ասում է Գալդավան ու ցավով նշում, որ Վրաստանում անհատների ու ինստիտուտների սահմանը ջնջված է:

Գիա Աբաշիձեն

Փորձագետ Գիա Աբաշիձեն պնդում է, որ փակ դռների հետևում շատ կարևոր թեմաներ են քննարկվում։ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան, թե ինչ ապագա ունի Վրաստանի հնարավոր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում, Աբաշիձեն հույս հայտնեց, որ կանխատեսումների փոխարեն կոնկրետ քայլեր կլինեն մոտ ապագայում: Աբաշիձեի վստահեցմամբ՝ Վրաստանը միշտ պատրաստ է եղել միջնորդի դեր իրականացնել հարևանների միջև, սակայն Կրեմլը միշտ դեմ է եղել: «

Պաշտոնական Թբիլիսին պատրաստ է իր վրա վերցնել այդ պատվավոր և ընկերական առաքելությունը՝ ամերիկյան և եվրոպացի գործընկերների աջակցությամբ»,- ասում է Աբաշիձեն:

Թեոնա Աքուբարդիան

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Թեոնա Աքուբարդիայի կարծիքով՝ Վրաստանը՝ նախորդ տարվա միջնորդությամբ գործել է 2011 թվականին ընդունված ազգային անվտանգության հայեցակարգի շրջանակում: Դրա համաձայն՝ Վրաստանի շահերի թվին է պատկանում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովումն ու աջակցությունը։

«Վրաստանը բնական դերակատարություն է ունեցել, որը վերջին շրջանում զգալիորեն թուլացած էր»,- նկատում է Աքուբարդիան և հավելում, որ գործընկեր երկրների նախաձեռնությունն է՝ Վրաստանը իրականացնի իր բնական դերակատարությունը խաղաղության գործընթացում: