«Հավաստի աղբյուրը» տապալել է երկրի ղեկավարումը, նա պետք է հեռանա

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը (Armtimes.com) «Հավաստի աղբյուր»-ի անունից հոդված հրապարակեց ի պատասխան Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպման։ Հոդվածը, որի հեղինակն ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանն է, նշում էր Հայաստանից Ադրբեջանի հինգ պահանջները՝ Արցախի պաշտպանության բանակի լուծարում; ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում առանց որևէ կարգավիճակի; միջանցք Հայաստանի տարածքով; Հայաստան-Ադրբեջան սահմանազատում 1919-1920 թթ․ քարտեզներով; անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է՝ հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Հոկետմբերի 4-ին նույն «Հավաստի աղբյուրը» նույն «Հայկական ժամանակ» թերթում մեկ այլ հոդված հրապարակեց, որը սուր ծայրով ուղղված է Ռուսաստանի դեմ։

Այս հոդվածների բովանդակությունը քննարկելն իմաստ չունի։ Երկրի ղեկավարի կողմից կա՛մ գիտությամբ, կա՛մ առնվազն նրանց ընտանեկան թերթում բանակցային մանրամասների հրապարակումը ներքաղաքական նպատակներով, ապա գլխավոր գործընկեր (եթե չեք ուզում օգտագործել «դաշնակից» եզրը) երկրին ուղղված սուր քննադատությունը ոչինչ, բառացիորեն ոչինչ չի տալիս Հայաստանի Հանրապետություն կոչվող երկրին։ Դա միայն ու միայն բարդացնում է մեր առանց այդ էլ բարդ վիճակը։ (Ի դեպ, Ռուսաստանի նախագահի խոսնակն անմիջապես արաձագանքեց այդ հրապարակմանը՝ այն անվանելով «անհեթեթություն»)։

Բայց անգամ սա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ եթե մի երկրի ղեկավար բանակցային գործընթացում մղվել է նման ստորացուցիչ անկյուն, դա նաև ու նախևառաջ հենց իր ապիկարության պատճառով է։ Տվյալ մարդուն ոչինչ չի մնում, քան ղեկը զիջել կոմպետենտ մարդկանց։ Սա ամենևին չի երաշխավորում, որ Հայաստանը հեշտ կարող է դուրս գալ ստեղծված փակուղուց։ Սակայն նրա մնալով անկյունից դուրս գալու որևէ հույս պարզապես մարում է։

Իր չորս տարում Նիկոլ Փաշինյանը ստացել է հակառակը, ինչ հայտարարել է

Փաշինյանի՝ 2019-ի օգոստոսի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից հետո նա ստացավ պատերազմ, ապա 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջարկեց «Արցախի անջատում հանուն փրկության»։ Հետո նա իջեցրեց «Արցախի կարգավիճակի նշաձողը միջազգային լայն կոնսոլիդացիա» ապահովելու համար, սակայն կոնսոլիդացիան չեղավ, իսկ նշաձողն ընդհանրապես վերացավ։ 2022-ի սեպտեմբերի 30-ին Փաշինյանն արդեն հայտարարեց, թե «խաղաղության պայմանագրում Արցախի հարցին անդրադարձ կարող է և չլինել», ինչը փաստացի նշանակում է հրաժարում Արցախից։

Փաշինյանը երկու տարի շարունակ խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, սակայն շարունակ ստանում նոր մարտեր ու նոր զոհեր։ Նա խոսում է միջանցքային տրամաբանությունը բացառելու մասին, սակայն ի վերջո ստանում հենց այդ տրամաբանությամբ մի վերջնագիր։

Հասկանալի է, որ Հայաստանը թուլացած վիճակում է, որ աշխարհը տեկտոնիկ ցնցումների մեջ է։ Սակայն այս փոթորկից հնարավորինս քիչ վնասներով անհնար է դուրս գալ նման որակի ղեկավարով ու ղեկավարությամբ։

Երկու տարվա ընթացքում բանակում որևէ էական բարեփոխում չի արվել, որևէ լուրջ սպառազինություն չի գնվել։ Փոխարենը խոսվել է 24 միլիոն դրամ փրկագնով բանակը կազմալուծելու մասին։

Այս ամենի հետևանքն այն է, որ սեպտեմբերի 13-14-ի երկօրյա մարտերում մի քանի հարյուր զոհ ենք տվել։

Որովհետև խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» արտասանելով։

«Հավաստի աղբյուրի» ամեն օրը երկրի ղեկին սպառնալիք է երկրին։

Մեկնաբանել