Հերթական անհեթեթությունն է. Պեսկովը՝ «Հայկական ժամանակի» նյութի մասին

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» այն նյութը, թե Ռուսաստանը ցանկանում է՝ Հայաստանը դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։

«Ոչ, դա հերթական անհեթեթությունն է»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղը «Հայկական ժամանակը» հրապարակել է «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերնագրով նյութ, որում նշվում էր, թե «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։

«Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։

Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար»,- գրել է «Հայկական ժամանակի» «վստահելի աղբյուրը»։

***

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել էր․ «Մենք ինֆորմացիա չունենք, թե իրականում ինչ պրոցես է գնում։ Այդ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը, որը գիտի, թե Ռուսաստանն ինչ է առաջարկում, Թուրքիան ինչ է առաջարկում, ԱՄՆ ինչ խորհուրդ է տալիս իրենց։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք այդ ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է»,- ասել էր Տեր-Պետրոսյանը։

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, «Հայկական ժամանակ»-ի կայքում հրապարակված հոդվածում ասվում էր, որ «Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ»։