Օբաման Սպիտակ տանը գարեջրի գործարան է հիմնել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը գարեջրի փոքր գործարան է հիմնել, հաղորդում է Reuters-ը: Օբամայի այս հետաքրքրության մասին հայտնի է դարձել Այովա նահանգում նրա նախընտրական արշավի ժամանակ, երբ նա սեփական արտադրության գարեջրի մի շիշ է նվիրել տեղի սրճարաններից մեկի տիրոջը:

Օբամայի նվերն այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել նրան ուղեկցող լրագրողների շրջանում, որ Սպիտակ տան մամուլի ծառայությունը ստիպված է եղել այս կապակցությամբ հատուկ հայտարարություն անել:

Ըստ Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի՝ նախագահի ընտանիքի թողարկած գարեջուրը կրում է White House Honey Ale անվանումը, արտադրվում է բաց և մուգ տարբերակներով: Խմիչքի պատրաստման համար օգտագործվում է Սպիտակ տան այգում առաջին տիկնոջ` Միշել Օբամայի պահած մեղուների մեղրը:

ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է այս առթիվ այլ մանրամասներ հաղորդել՝ հավելելով. «Երբ ինձ գարեջուր են առաջարկում, ես չեմ հարցնում, թե ինչպես է արտադրվել, ես պարզապես այն խմում եմ»: