Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է․ Կոպիրկին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վարդապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Գլխավոր դատախազը խոսել է նաև Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների, մասնավորապես՝ հայ գերիների սպանությունների, զինծառայողների խոշտանգման դեպքերի մասին և շեշտել դրանք կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

«Դեսպան Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններից է»,- ասված է հաղորդագրությունում։