(Ան)ողջամիտ ժամկետներով քննություն․ ինչպես են գործերը տարիներով մնում դատարաններում 

77-ամյա Հռիփսիմե Ղալաչյանը դժվարությամբ է բառերն ընտրում՝ ներկայացնելու, թե ինչերի միջով է անցել վերջին քսան տարում։ Շուրջ երկու տասնամյակ նա պայքարում է իր իրավունքների վերականգնման, իսկ ավելի կոնկրետ՝ ժառանգության իրավունքի ճանաչման համար։

Հաճախ են իրավական ոլորտի մասնագետները, փաստաբանները, ինչու չէ նաև դատավորները խոսում ողջամիտ ժամկետների խախտման, դատական գործերի ձգձգման ու դատարանների գերծանրաբեռնվածության մասին։ Այդ հայտարարությունները միս ու արյուն են ստանում, երբ ականատես ենք լինում Հռիփսիմե Ղալաչյանի ու նրա նման հազարավոր մարդկանց փորձին։

Քսան տարվա պայքար ու անկատար արդարադատություն

2002-ին Երևանի առաջին նոտարական գրասենյակի նախկին նոտար Էմմա Շաբոյանը որոշում է Երևանի Պարոնյան փողոց, 1 շենք, թիվ 37 բնակարանի նկատմամբ ժառանգություն ճանաչել միայն Հռիփսիմե Ղալաչյանի հոր երկրորդ կնոջը։

«Երբ փորձեցի հասկանալ, թե ինչպես է նոտարը նման սխալ թույլ տվել, ինձ պատասխանեց, թե իբր իրեն հորս երկրորդ կինը հայտնել է, որ այլ ժառանգ չկա։ Հասկանո՞ւմ եք՝ ընդամենը բանավոր խոսքի հիման վրա ինձ զրկել էր ժառանգության իրավունքից»։

Այդ տարվանից սկսվում է Ղալաչյանի պայքարը պետական մարմիններում, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև դատարաններում։ Նա կարծում է, որ ժառանգության գրանցումից հետո իր խորթ մորը հուշել են, որ վաճառի բնակարանը։ Վերջինս այդպես էլ արել է, բնակարանը տարբեր մարդկանց է վաճառվել։ Հասկանալով, որ իրենից ապօրինաբար խլում են գույքի իր բաժնեմասը, Ղալաչյանն սկսում է օրենսդրությունն ուսումնասիրել։

«Ես օրենսգրքերն ու օրենքներն ամբողջությամբ կարդացի ու ապշեցի, թե ինչպես է հնարավոր նման սխալներ անել ինչպես նոտարի, այնպես էլ դատարանների կողմից։ Երբ փոստատարը բերում էր դատական նիստի վերաբերյալ հերթական ծանուցումը, ես դողում էի, «դատարան» բառը լսելն ու անգամ դատարանի կողքով անցնելը իմ նյարդային համակարգը խախտում էր։ Դրանից էր, որ առողջական վիճակս կտրուկ վատացավ»,- հիշում է Ղալաչյանը։

Հետագայում այս գործը սկսեցին վարել փաստաբաններ Դավիթ Ասատրյանն ու Աշխեն Դաշյանը։ 2020-ին նրանք հաջողության հասան, բայց այդ հաջողությունն էլ վերջնական չէր։

«Իմ վարույթում գործերի մինչև 60 տոկոսի ողջամիտ ժամկետները խախտված են»,- ասում է փաստաբան Դավիթ Ասատրյանը։

Ամենացայտուն օրինակը Պարոնյան փողոցում բնակարանի ժառանգության վերաբերյալ գործն է։ Ընդ որում՝ ողջամիտ ժամկետների նորմի խախտման պատճառով Ղալաչյանը ամբողջությամբ զրկվել է սեփականությունից՝ ձեռքում ունենալով հայցի բավարարման որոշումը։

Դավիթ Ասատրյան, փաստաբան

«Այդ գործով անընդհատ ներգրավվում էին նոր մարդիկ, քանի որ այդ ընթացքում անշարժ գույքը պարբերաբար այլ անձանց էր փոխանցվում և դատարանը ստիպված էր լինում նրանց ևս ներգրավվել։ 2020-ին բավարարվեց մեր հայցադիմումը։ Մասնակի ճանաչվեց, որ անձի իրավունքները խախտվել են, բայց վերականգնել դրանք անհնար էր եղել, քանի որ այդ գույքն արդեն մի քանի անգամ փոխանցվել էր տարբեր անձանց ու այլ բարեխիղճ տիրապետողներ գույքի սեփականատեր էին դարձել»,- նշում է փաստաբանը։

Վերջնարդյունքում անձը երկու տասնամյակ տևած պայքարի արդյունքում հաղթանակի է հասել, սակայն այն իր արտացոլումն իրավունքների վերականգնման առումով չի ստացել։

Փաստաբանները, սակայն, չեն հանձնվել. ներկայում երկու տարբեր հայցեր են քննվում Հայաստանի դատական ատյաններում, առաջինը վարչական դատարանում է. կողմը դիմել է ընդդեմ արդարադատության նախարարության։ Գտնում է, որ նոտարի գործողության արդյունքում պատասխանատվությունը պետք է կրի պետությունը։

Երկրորդ դատավարությունը վերաբերում է հենց դատաքննության ողջամիտ ժամկետների խախտմանը։

«Մենք գտնում ենք, որ ողջամիտ ժամկետներն արդար դատաքննության բաղադրատարր են, և դրանց խախտման արդյունքում պետությունը պարտավոր է փոխհատուցել անձի ոչ նյութական վնասները»,- նշում է փաստաբանը։

Կողմը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել, ՄԻԵԴ-ը գրանցել է գործն՝ ընդդեմ Հայաստանի՝ ողջամիտ ժամկետի մասով քննություն իրականացնելու համար։

Ինչ է ասում վիճակագրությունը

Ամենածանրաբեռնվածներն առաջին ատյանի դատարաններն են, գերակշիռ գործերը բաժին են ընկնում Երևանի դատարաններին։ Այդ ծանրաբեռնվածությունը մասամբ նվազել է քաղաքացիական գործերով, սակայն շարունակում է մտահոգիչ մնալ։

2019-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է ընդհանուր 86 499 գործ, որից քաղաքացիական գործերը՝ 85 856, իսկ քրեականները՝ 643, հաջորդ տարի ընդհանուր 43 841 գործ, որից քաղաքացիականները՝ 43 090, իսկ քրեականները՝ 751, 2021-ին գործերի քանակը 43 518 էր, քաղաքացիականները՝ 42 520, իսկ քրեականները՝ 998։ Մարզերից ամենածանրաբեռնվածը Արարատի և Վայոց ձորի դատարանն է։

Ներկայացնում ենք Երևանի և մարզերի դատարանների վիճակագրությունը քաղաքացիական և քրեական գործերով։

Ովքեր են ամենածանրաբեռնված դատավորները

ՍիվիլՆեթը հիմք է ընդունել քրեական գործերով 2021-ի վիճակագրությունը, իսկ քաղաքացիականից՝ 2022-ի առաջին կիսամյակինը։ Մենք առանձնացրել ենք ամենածանրաբեռնված դատավորներին Երևանում և մարզերում, յուրաքանչյուր ոլորտից մեկական դատավոր։ Ընդ որում, որպես ծանրաբեռնվածության չափանիշ մենք ընտրել են հաշվետու ժամանակահատվածում անավարտ մնացած գործերը, որոնք էլ փոխանցվում են հաջորդ տարի կամ կիսամյակ՝ ավելի ծանրաբեռնելով դատավորի վարույթը։

Այսպես 2021-ին քրեական գործերով ամենածանրաբեռնվածը դատավոր Նարեկ Բեգլարյանն է, որը մինչև 2021-ի հունիսը Շիրակի մարզի դատավոր էր, այնուհետև նշանակվեց Արարատի և Վայոց ձորի մարզում։ Բեգլարյանի վարույթում, ըստ դատական դեպարտամենտի վիճակագրության, նախորդ տարի եղել է 216 անավարտ գործ։ Քաղաքացիական գործերով ևս ամենածանրաբեռնված դատավորը Շիրակի մարզից է՝ Վահագն Թորոսյանը։ Նա ունի 1 788 անավարտ գործ՝ 2022-ի առաջին կիսամյակում։

Ամենածանրաբեռնված դատավորների վիճակագրությունը՝ ստորև բերված քարտեզում։

Ինչ է կարծում քաղաքացիական հասարակությունը

Քաղաքացիական հասարակությունը տարիներ շարունակ պայքարում է դատական համակարգի խնդիրների չեզոքացման դեմ՝ առաջ քաշելով ոլորտի բարեփոխման նախաձեռնություններ։

Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան

«Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը փաստում է՝ սխալ է ասել, թե որևէ բան այս ուղղությամբ չի իրականացվում. «Այդուհանդերձ, այն բոլոր գործողությունները, որ իրականացվում են, դրանք, ցավալիորեն, իրավիճակային են կամ դրվագային, ամբողջությամբ չեն ծածկում խնդիրները։ Դատաիրավական համակարգի խնդիրները լուծելու համար մենք կարիք ունենք ավելի խորը լուծումների»։

Օրինակներից մեկը դատախազական համակարգին է վերաբերում. «Ինչ բովանդակության որոշում էլ դատախազությունը ստանա, անպայման բողոքարկում է, բացառիկ դեպքեր են, որ չեն բողոքարկում։ Շատ դեպքերում այդ գործընթացը լինում է ձևական։ Դատախազները ինձ հետ մասնավոր զրույցներում փաստում են, որ իրենց մոտեցումը համակարգում չեն ընդունի, եթե դատախազության դիրքորոշմանը հակառակ վճիռ կայացվի ու հանկարծ չբողոքարկեն։ Ստեղծվում է մի իրավիճակ, որ դատախազներն իրենց ապահովագրելու համար, անկախ բովանդակությունից, սկսում են բողոքարկման գործընթացը՝ ծանրաբեռնելով բոլոր ատյանները»,- ասում է փաստաբանը։

Նրա խոսքով՝ նույն մեղադրանքը հնչում է փաստաբանների հասցեին, սակայն այստեղ էլ պետք է նկատի առնել, որ փաստաբանները մասնավոր անձանց շահերն են ներկայացնում, մինչդեռ դատախազությունը պետական մարմին է ու հարցին պետք է մոտենա պետական շահի տեսանկյունից։

Նույն իրավիճակը, ըստ Կարապետյանցի, նաև պրոբացիայի ծառայությունում է. «Պրոբացիայի ծառայությունում բողոքարկման պրոցեսներ կան, որոնք կարելի է շատ հանգիստ հանձնել այդ ծառայությանը, բայց ոչ թե մեխանիկորեն, այլ փոփոխություններ անելով համակարգում, որ ծառայությունն ունենա համապատասխան մասնագետներ ու մեխանիզմներ»։

Հայկ Մարտիրոսյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ

«Ողջամիտ ժամկետների խախտման դեպքերն այնքան մասշտաբային են, որ բացառությունների մասին պետք է խոսենք, երբ ողջամիտ ժամկետների պահանջը պահպանվում է»,- ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա կարծիքով՝ հիմնական պատճառը թերի և անկատար օրենսդրությունն է, որն էլ «ծնում է» դատական վեճեր։

«Դատախազների, դատավորների կամ իրավապահների թիվ անգամ ավելացնելու դեպքում արդյունք չենք ունենա, եթե օրենսդրության վիճակն այսպիսին է։ Այս տեսանկյունից հնարավոր չէ որևէ ակնկալիք ունենալ, որ կթեթևանա դատական և դատաիրավական համակարգի ծանրաբեռնվածությունը»։

Մարտիրոսյանի օրինակը քաղաքաշինության ոլորտից է. «Օրենսդրությունն այնաստիճան անկատար է, որ ի հայտ են գալիս վեճեր, իսկ դատավորները որոշ դեպքերում օբյեկտիվորեն, ինչպես նաև սուբյեկտիվորեն չեն կարողանում ապահովել դատաքննության ողջամտությունը»։

Անկատար օրենսդրությունը հանգեցնում է նաև կոռուպցիայի

Բացի դատարանների ծանրաբեռնվածությունից, անկատար օրենսդրությունը հանգեցնում է նաև կոռուպցիայի. «Այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գայթակղությունը չափազանց մեծ է, բնականաբար կողմերից մեկը միշտ դժգոհ է ու դիմում է դատական պաշտպանության։ Եթե հետևեք Դատալեքսին, ապա կհասկանաք, որ այդ հայցադիմումների քննությունները տևում են 3-4 տարի»,- ասում է Մարտիրոսյանը։

Ըստ իրավաբանի՝ վարչական դատարանում բողոքների կեսից ավելին վերաբերում է քաղաքաշիության ոլորտին. «Ընդ որում, քաղաքացիներն օբյեկտիվորեն են բողոքում. տեսնում են, որ իրենց տան կամ բնակարանի դիմաց առանց քաղաքաշինական նորմերը պահպանելու շենքեր են կառուցվում։ Այս դաշտում խնդիրն այն է, որ օրենսդրությունը հստակ չէ, որն էլ թույլ է տալիս սողանցքներ ու կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում»,- նշում է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նույն իրավիճակը հարկային ոլորտում է։

Դատական համակարգի գործունեությանն առնչվող՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության 2022-ի զեկույցի համաձայն՝ քաղաքացիական գործերով Երևանում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013-ի համեմատ 2020-ին ավելացել է շուրջ 3 անգամ։ Եթե 213-ին մեկ դատավորին միջինում բաժին էր ընկնում 632 գործ, ապա 2020-ին՝ 1 632, մարզերում ծանրաբեռնվածությունն աճել է ավելի քան 5 անգամ, 2013-ին՝ 469 գործ, 2020-ին՝ 2 169։

Երևանում քրեական գործերով դատավորների ծանրաբեռնվածությունն ավելացել է շուրջ 2 անգամ, 2013-ին՝ 66 գործ, 2020-ին՝ 110 գործ, մեկուկես անգամ ավելացել է մարզերում քրեական գործերով մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը. 2013-ին՝ 74, 2020-ին՝ 106 գործ։

«Գերծանրաբեռնվածության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ, օրինակ, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում ստացված գործերի քանակն այնքան է, որ նիստերը նշանակվում են մեկուկես տարի հետո»,- նշվում է զեկույցում։

Աննա Մելիքյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող

Զեկույցի հեղինակ Աննա Մելիքյանի խոսքով՝ վարչական արդարադատության առումով ծանրաբեռնվածության խնդիրը կլուծի վերադաս բողոքների համար մարմինների արդյունավետ գործունեությունը և նոր ու անկախ մարմինների ստեղծումը։

«Բացի այդ, հարկավոր է, որ ավելի հստակ արձագանք լինի դատական համակարգի ակտերի վերլուծության և համապատասխան արձագանքի պետական մարմինների կողմից։ Եթե տեսնում են, որ հստակ պրակտիկա է դատարանի մոտ, դիրքորոշումը հստակ է, նույնաբովանդակ վեճերի դեպքում, այդ դեպքում վարչական մարմինն ինքը պետք է վերլուծություն կատարի և համապատասխանեցնի իր գործունեությունն այդ ակտերին»,- ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ քրեական արդարադատության դեպքում լուծման այլընտրանքային մեխանիզմների ավելացումը զգալիորեն կբեռնաթափի իրավիճակը։

«Միջազգային փորձը ուսումնասիրելիս մենք մեկ այլ լուծում տեսանք, որը մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, բայց կարելի է դիտարկել՝ ժամանակավորապես դատավորների թվի ավելացումն էր այն դատարաններում, որտեղ գործերի աճ կա։ Հայաստանում դատավորների թվի ավելացումը միշտ չէ, որ հաշվի է առնվում տվյալ դատարանի ծանրաբեռնվածությունը։ Մեզ մոտ տարեցտարի կարծացած բյուջեներ են, որոնք մի կողմից պնդում ենք, որ դատական համակարգն է ձևավորում, բայց պարզ է, որ կառավարությունն է որոշիչ դեր խաղում, եթե ասում է, որ չի կարող բյուջեն ավելացնել, դատավորների թինը շարունակում է նույնը մնալ»,- նշում է Աննա Մելիքյանը։

Քրեական արդարադատության արդյունավետությունը բարձրացնելու համար փորձագետն առաջարկում է ներդնել գործերի քննության հստակ ժամկետներ։

«Որոշ երկրներում հստակ սահմանափակումներ կան․ եթե, օրինակ, վեց ամսվա ընթացքում նիստեր չեն նշանակվում ու որոշում չի կայացվում, անձը համարվում է արդարացված։ Պետք է նշեմ նաև, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքով ժամկետներն ավելի խիստ են լինելու, գուցե դա ազդի գործընթացների վրա»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ խնդիրը բազմաբևեռ է. ոչ միայն դատավորի մեղքով են լինում ձգձգումներ, այլ նաև պետական մարմինների, օրինակ՝ փորձաքննության արդյունքները ուշացնելու դեպքերում։

Եվրոպական միության «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում 2017-ին հրապարակված մոնիթորինգային զեկույցի շրջանակներում աշխատանքային խմբի անդամները զրուցել են դատավորների հետ, նրանց խոսքով՝ նախանձելի վիճակում է այն դատավորը, «որը կկարողանա նման ծանրաբեռնվածության պայմաններում որակյալ դատական ակտեր կազմել»:

Երբ ծագեց խնդիրը ու ինչ լուծումներ են առաջարկել կառավարությունները

Դատարանների ծանրաբեռնվածության մասին խոսվում է տասը տարուց ավելի։ Այս խնդիրը պետության տեսադաշտում սկսեց հայտնվել 2010-ից հետո։ Հայաստանի իրավական և դատական բարեփոխումների 2012-2016-ի ռազմավարական ծրագրում պետությունը նոր-նոր սկսում էր ուսումնասիրել խնդիրը։ Առաջարկվում էր համեմատական վիճակագրության և դատավորների ծանրաբեռնվածության գիտական հիմնավորման հիման վրա իրականացնել ուսումնասիրություն՝ բնակիչների թվի և ընդհանուր դատական գործերի հաշվով դատավորների քանակի և դատավորների ծանրաբեռնվածության հաշվառմամբ նրանց թվի ավելացման կամ հավասարակշռման առաջարկությունների ներկայացման համար։ Այս ուսումնասիրություններից հետո էլ պետք է օրենսդրական փոփոխություններ իրականացվեին։ Ուշագրավ է, որ այս փուլում պետությունը ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու մեկ տարբերակ էր տեսնում՝ դատավորների թվաքանակի ավելացումը։

Դատաիրավական բարեփոխումների 2019-23-ի ռազմավարությունում արձանագրվում էր, որ «վերջին տարիներին Հայաստանում գնալով աճում է դատական գործերի թիվը, մինչդեռ, դատավորների թվակազմը գրեթե մնում է անփոփոխ, իսկ արտադատական եղանակով վեճերի լուծման մեխանիզմները լիարժեք զարգացած չեն, որ նպաստեն դատարանների գերբեռնվածության նվազեցմանը»։

«Եթե 2013-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 48 540 քաղաքացիական գործ, ապա 2017-ին այդ թիվը կազմել է 137 003 գործ, իսկ 2018-ին՝ 129 941»,- արձանագրվում է ռազմավարությունում։ Այդ ժամանակ պետությունը նպատակ դրեց ավելացնել դատավորների և դատավորի օգնականների թիվը, ներդնել վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոցներ, այդ թվում՝ էլեկտրոնային գործիքներ, ինչպես նաև ակտիվ օգտագործել էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Խոսվում էր նաև դատարանների շենքային պայմանների բերելավման և տեխնիկական աջակցության տրամադրման մասին։

Հետագայում կառավարությունը խոստովանում էր, թե «էլեկտրոնային մակագրման համակարգի պայմաններում գործերի բաշխման կարգը հաշվի չի առնում դատավորների ծանրաբեռնվածությունը և գործի բարդությունը, ինչը հանգեցնում է որոշ դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածության»։ Այդ մասին պնդում կա դատաիրավական բարեփոխումների 2022-26-ի ռազմավարությունում։

Այս անգամ կառավարությունը ծանրաբեռնվածության լուծման այլ տարբերակ էր առաջարկում, այն է՝ «ապահովել դատարանների մասնագիտացումների և դատավորների ենթամասնագիտացումների առկայությունն իրավունքի տարբեր ենթաոլորտներում»։ Իհարկե, օրենսդրական փոփոխություններ էլ էին առաջարկվում։ Շեշտադրվում էին նաև վեճերի լուծման այլընտրանքային եղանակները։

Ինչ լուծումներ են առաջարկում մյուս կողմերը

Չեք գտնի փաստաբանի, որը չբողոքի գործերի ձգձգման խնդրից։ Փաստաբան Արփինե Եղիկյանը ևս ողջամիտ ժամկետների խախտման գործերի երկար ցանկ ունի։ Նա պատմում է, որ գործերից մեկով սեփականատիրոջ կողմից հողամասից վտարելու պահանջի մասին քննությունը տևել է 2015-2021-ը՝ 6 տարի:

Արփինե Եղիկյան, փաստաբան

«Մեր իրականությունում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը խախտվում է համատարած։ Կարելի է ասել՝ բացառություն են կազմում այն գործերը, որոնք քննվում են ողջամիտ ժամկետում։ Մեկ այլ գործով, որը վերաբերում է երեխայի համար ալիմենտի բռնագանձմանը, շուրջ երկու տարի տեղի են ունենում նախնական դատական նիստեր և դեռևս բուն պահանջի քննությունը չի սկսվել»,- նշում է փաստաբանը։

Փաստաբան Մարատ Ատովմյանը խնդիր է տեսնում աշխատանքային վեճերի հանգուցալուծման դաշտում․ «‎Աշխատանքային վեճերով նշված է, որ 3 ամսում պետք է այն կարգավորվի, սակայն առաջին նիստը նշանակում են 5-6 ամսվա ընթացքում։ Որպես համատարած խնդիր, այն առկա է»,- շեշտում է փաստաբանը։

Նրա խոսքով՝ հատկապես աշխատանքային վեճերում հետաձգումները ծանր են անդրադառնում մարդկանց վրա․ «Ունենք հետևյալ իրավիճակը՝ մարդուն աշխատանքից ազատում են, նա մեր միջոցով դիմում է դատարան ու գործը երեք ամսվա փոխարեն ‎տևում է, օրինակ, 9 ամիս, որից հետո բողոքարվկում է։ Այս ընթացքում անձը չի աշխատում և չի կողմնորոշվում՝ նոր աշխատանք գտնի, թե նախկին աշխատանքում է վերականգնվելու։ Այս տեսանկյունից դատական ձգձգումներն ակնհայտ ազդեցություն են գործում անձի կենցաղի վրա»։

Աշխատանքային վեճը աշխատողի կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերություններին առնչվող տարաձայնությունն է, որն առաջանում է կամ առաջացել է աշխատանքային գործունեության ընթացքում։

Դատավոր Դավիթ Բալայանն առաջարկում է դատարանների ծանրաբեռնվածության ու ողջամիտ ժամկետների խախտման խնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից։

Դավիթ Բալայան, դատավոր

«Նախ և առաջ ռեսուրս չկա, զուտ դատավորների թվաքանակի ավելացմամբ այդ հարցը հնարավոր չէ լուծել, քանի որ շենքային պայմաններ են հարկավոր։ Բացի այդ, պետք է միջոցներ ձեռնարկել, որ արտադատական լուծումներ ստանան այդ գործերը, այդ հանգամանքով է պայմանավորված այս ամբողջ ծանրաբեռնվածությունը։ Դատավորը պետք է դահլիճ ունենա, Երևանում միայն Շենգավիթի նստավայրն է, որ յոթ դատավոր է նստում ու յոթ նիստերի դահլիճ կա, այլ դատարաններում, շենքերում, դատավորներն իրենց դահլիճները կիսում են՝ օրերով կամ օրվա ժամերով»,- ասում է դատավորը։

Փաստաբան Դավիթ Ասատրյանի խոսքով՝ շատ հաճախ ողջամիտ ժամկետների խախտման հետևանքով դատավորներն անգամ մոռանում են, թե իրենց իսկ վարույթում քննվող գործերով ինչ է իրականացվել. «Դատավորները զուտ մոռանում են գործերը։ Կարող ես դու դատարանում գեղեցիկ խոսել, ներկայացնել փաստերն, ու դատավորը դա մոռանա 4-5 ամսից, քանի որ օբյեկտիվ առումով գերծանրաբեռնված է»։

Մյուս կողմից, ըստ փաստաբանի, խնդիրներ կան դատարանակազմության հետ կապված. «Դատավորները երբեմն բողոքում են, որ կադրերի խնդիր ունեն, բայց պետությունը այդտեղ շատ մեծ անելիք չունի՝ կադրերի հետ կապված։ Ճիշտ կլինի քանակն ավելացնել, կարծում եմ մի քանի օգնականները ավելի արդյունավետ կազդեն գործի քննության վրա»,- կարծում է փաստաբանը։

Խնդրի լուծման երեք առաջարկ Կարեն Անդրեասյանից

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը համամիտ է՝ դատարանների շենքային պայմանների հարցը ևս պետք է լուծել։

Կարեն Անդրեասյան, արդարադատության նախարար

«Մենք անվերջ խոսել ու տարիներ շարունակ քննադատել ենք դատավորներին, բայց նրանց սկսած արժանապատիվ աշխատավարձից վերջացրած շենքային պայմաններով չենք ապահովել։ Միայն մեկ տարվա ընթացքում բազմաթիվ տեղեր սկսվել ու նախատեսվում են շինարարական վերանորոգման աշխատանքներ»,- նշում է նախարարը։

Նրա խոսքով՝ հիմա գրեթե բոլոր դատական գործերը ուշանում են. «Եթե ժամանակին վատ վճռի համար մենք մեղադրում էինք կոնկրետ դատավորին, հիմա երբեմն ուշացման համար չենք կարողանում մեղադրել դատավորին, որովհետև մենք ինքներս՝ որպես գործադիր շատ անելիք ունենք, որպեսզի այդ ողջամիտ ժամկետները կրճատվեն»։

Նախարարը խնդրի լուծման մի քանի ճանապարհ է առաջարկում։ Առաջինը՝ թվայնացնել դատական համակարգը. «Այս ուղղությամբ հսկայական գործ է արվում, պտուղները կերևան, եթե ոչ մի քանի ամսից, ապա ամենաշատը մեկ տարուց։ Օրինակ՝ կունենանք թվայնացված քաղաքացիական դատավարություն, ինչն էլ նշանակում է, որ կկրճատվեն բոլոր գործողությունները. դատավորը ստիպված չի լինի հին մեթոդներով հարյուրավոր թղթեր մրոտել ու դրանք «ֆուրգոնով» լցնեն-տանեն այլ ատյան, այդ ամբողջ օնլայն ճանապարհով տեղի կունենա»։

Մյուսն, ըստ Անդրեասյանի, պետք է մեծացնել դատավորների թվաքանակը։ Նա կարծում է, որ գործող դատավորները պարզապես գերծանրաբեռնված են։

«Հաջորդիվ, մենք պետք դուրս բերենք դատական համակարգից, այսպես ասած, հեշտ գործերը, մի մասը պետք է գնան նոտարիատ, մյուսները նոր ստեղծվող արբիտրաժային դատարան, մյուս մասն էլ ընդհանրապես կարող են գնալ այլ պետական մարմիններ, հաշտարարներին և այլն։ Այս մի տարվա ընթացքում մենք բեռնաթափման հսկայական աշխատանք ենք իրականացրել, երբ հազարավոր գործեր դատավորների վարույթից միանգամից դուրս կգան»,- ընդգծեց նախարար Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այս բոլոր քայլերին «շատ մոտ ենք». մեկից երկու տարվա հարց է։ Նախարարը համոզված է, որ այս խնդիրների լուծմամբ, ի վերջո, կլուծվի նաև ողջամիտ ժամկետների և դատական գործերի ձգձգման հարցը։

Եզրափակում

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute – IRI) Հայաստանում 2021-ին իրականացված սոցհարցումների համաձայն՝ հարցվածների 8%-ն է լիովին բավարարված դատարանների աշխատանքից, մինչդեռ 27%-ն ընդհանրապես բավարարված չէ, 20%-ը որոշ չափով բավարարված չէ, 16%-ը որոշ չափով բավարարված է։ Ողջամիտ ժամկետների խախտումները հանրային դժգոհության պատճառներից մեկն է։ Դատավորն իր վարույթում ունի 100 կամ 2000 անավարտ գործ. այս թվային տվյալներն իրականում ամեն մի քաղաքացու դեպքում հավելյալ դժվարություններ են, ֆինանսական ու առողջական խնդիրներ։

Մեկնաբանել