Արտակ Բեգլարյանն աջակցում է Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարար նշանակելու որոշմանը

արտակ բեգլարյան

Արցախի գործող պետական նախարար Արտակ Բեգլարյանը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու Արցախի նախագահի որոշումը «պահանջված է ու իմաստուն»։ Նա «անվերապահորեն աջակցում է» Արայիկ Հարությունյանի որոշում-առաջարկին:

«Ռուբեն Վարդանյանի նման համաշխարհային մակարդակի ռազմավարական կառավարիչը և բարձր արժեքների տեր մարդը մեծ հնարավորություն է ցանկացած պետության, առավել ևս՝ խոր ճգնաժամ ապրող Արցախի Հանրապետության համար: Ուստի, Արցախ տեղափոխվելու նրա որոշումը լավագույն շանսն է նրա ներուժն ու առաքելության գիտակցումն արդյունավետորեն իրացնելու համար, որի ներկայումս լավագույն մեխանիզմը, իմ պատկերացմամբ նույնպես, լայն լիազորություններով պետական նախարարի պաշտոն զբաղեցնելն է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Արտակ Բեգլարյանը հավատում է, որ Ռուբեն Վարդանյանը «կարող է զգալի առաջընթաց ապահովել և՛ ներքին, և՛ արտաքին ուղղություններում»

«Իսկ իմ նախընթաց գործունեության գնահատականների և հետագա անելիքների վերաբերյալ դեռ առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Ես շարունակում ու շարունակելու եմ ծառայությունս Հայրենիքիս իմ ամբողջական ներուժով, արժեքներով ու սկզբունքներով հանդերձ, և ցանկացած դիրքում ու հանգամանքում ես մնում եմ շարքային զինվոր՝ հանուն հայոց պետականության և ազգային վերելքի»,- ասված է Բեգլարյանի գրառման մեջ։

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է պետնախարարի պաշտոնը։

Մեկնաբանել