Ռուսաստանը Հայաստանի առաջ Միութենական պետության մաս դառնալու պահանջ չի դրել․ Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջ Միութենական պետության մաս դառնալու պահանջ չի դրել:

«Նման որևիցե խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել, նման խոսակցություն չկա ու չի էլ կարող լինել։ Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սիմոնյանը։

Հարցին, թե հնարավոր է նման խոսակցություն կա՝ ինքը տեղյակ չէ, ԱԺ նախագահը պատասխանել է․ «Բացառում եմ, որ նման բան լինի ու ես չիմանամ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքում («Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում) այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրապարակվել է «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերնագրով հոդված։ Հղում ունելով «Հավաստի Աղբյուր»-ին՝ կայքը գրում է. «Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը դառնա միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։

Անդրադառնալով հրապարակմանը, ԱԺ նախագահն ասել է․ «Չգիտեմ՝ լրագրողի նպատակը որն է եղել դա գրելու, բայց այն, ինչ գրվում է մի լրատվամիջոցում, որը կարելի է կապել գործող իշխանությունների հետ, վերագրել իշխանության ցանկցություններին, ճիշտ չէ»։

Հարցին՝ «Հայկական ժամանակի» աղբյուրը հավաստի չի՞ համարում, Սիմոնյանը նշել է․ «Չէ, չեմ համարում։ Ես նման ինֆորմացիա չունեմ և չեմ համարում, որ նման բան Հայաստանում պետք է քննարկենք»։