Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի հետքերով. Հայաստանը կրկին փոխում է դիրքորոշումը Արցախյան հիմնահարցում

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը և պատասխանել մի շարք ակտուալ հարցերի` տարածշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ: Փաշինյանը հարցազրույցում անդրարդարձ է կատարել հայ-ադրբեջանական համատեքստի բոլոր թեմաներին: Այնուամենայնիվ, առավել հետաքրքրական էին նրա հայտարարությունները այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» օրակարգի հարցով:

Փաշինյանը այս հարցազրույցում գրեթե ուղիղ տեքստով ու գրեթե պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը առաջ է շարժվում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման օրակարգը Ղարաբաղյան հակամարտությունից տարանջատելու ճանապարհով: Նա, մասնավորապես, նշել է. «Կա էդպիսի գաղափար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել։ Մենք կարծում ենք նաև, որ, այո՛, Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել և պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղյան հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։

Սա փաստացիորեն նշանակում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթանալու են դեռևս մարտին հրապարակված ադրբեջանական 5 սկզբունքների հիման վրա: Այս մասին մենք գրել էինք դեռ սեպտեմբերի սկզբին` Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո:

Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է նաև նրա ապրիլի 13-ի ելույթով մեկնարկած օրակարգի պաշտոնական վաճխանը համարել: Հայաստանը ամիսներ շարունակ խոսում էր լուծման մասին, որը կենթադրեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխիքների ապահովում ու իրավունքների պաշտպանություն Ադրբեջանի կազմում որևէ քաղաքական կարգավիճակի և անվտանգային ինստիտուցիոնալ մեխանիզմների միջոցով: Սա չափազանց վատ օրակարգ էր, բայց օրակարգ էր: Իսկ վատ օրակարգ ունենալը ավելի լավ է, քան որևէ օրակարգի բացակայությունը:

Այնուամենայնիվ, նույնիսկ իջեցված նշաձողի այս օրակարգով ՀՀ իշխանությունները չկարողացան հաջողություններ գրանցել: Ադրբեջանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո որդեգրել է հստակ դիրքորոշում, որի հիմնական դրույթները կայանում էին նրանում, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված է, Լեռնային Ղարաբաղ անվանմամբ վարչատարածքային միավոր գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ որևէ բանակցություններ չեն կարող լինել, և Բաքուն պատրաստ չէ Արցախյան հիմնախնդրի հետ առնչություն ունեցող որևէ հարց քննարկել Երևանի հետ: Ադրբեջանը երկու տարվա ընթացքում այս դրույթներից նույնիսկ մեկ սանտիմետր հետքայլ չի կատարել: Այդ առումով պետք է արձանագրել, որ Երևանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հերթական անգամ փոխում է իր դիրքորոշումը Բաքվի ճնշման ներքո: Վերջին մեկ տարում՝ երրորդ անգամ:

Արցախյան հիմնահարցում Հայաստանի դիրքորոշման մեջ հերթական ֆունդամենտալ շրջադարձը արդարացնելու համար Փաշինյանը հարցազրույցում երկու մանիպուլյատիվ պնդում է կատարել: Պատասխանելով Հանրային հեռուստատեսության լրագրողի հարցին այն մասին, թե Բաքուն պատրաստ կլինի՞ արդյոք առանձին բանակցություններ վարել Երևանի ու Ստեփանակերտի հետ, Հայաստանի վարչապետը պատասխանել է. «Բանակցային այդ կոնֆիդենցիալ հատվածներին չէի ուզենա անդրադառնալ, դա հընթացս կտեսնենք բոլորս»: Փաշինյանի այս պնդումը կարելի է կամ ակնհայտ մանիպուլյացիա համարել, կամ էլ ողջ ճշմարտությունը հանրությանը ներկայացնելու համարձակության բացակայություն: Գործնականում բացառվում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ կլինեն Ստեփանակերտի հետ բանակցել որևէ քաղաքական հարցի շուրջ: Այն բանակցությունները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի ու Արցախի ներկայայուցիչների միջև տարբեր պրակտիկ հարցերի շուրջ, առավելագույնն է, ինչ կարելի է ակնկալել այդ շփումներից:

Ղարաբաղյան հարցում վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարության երրորդ խոշոր շրջադարձը արդարացնող Փաշինյանի մյուս պնդումը այն էր, որ ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս: Սա Փաշինյանի համար արդեն իսկ սովորական դարձած հայտարարությունների շարքից է, երբ սեփական ձախողումները արդարացնելու նպատակով ինչ-որ ակնհայտ, բոլորին հայտնի իրողություն ներկայացվում է որպես մեծ բացահայտում:

Այս հայտարարության գլխավոր խնդիրը սակայն այն է, որ բանակցային գործընթացը դիտարկվում է սև ու սպիտակի տրամբանության շրջանակում: Այսինքն, եթե այս փուլում հնարվոր չէ ստանալ մաքսիմալ ցանկալի արդյունք, ապա բանակցությունները անիմաստ են: Չկան հարցեր, որոնց շուրջ պետք է բանակցել:

Թերևս սա է գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու ՀՀ կառավարությունը այդպես էլ չկարողացավ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթին հաջորդած այսպես կոչված իջեցված նշաձողի օրակարգը լցնել բովանդակությամբ: Իշխող թիմի որևէ ներկայացուցիչ ի վիճակի չէ մինչ այսօր պատասխանել, թե ինչ էր իրենից ենթադրում այդ օրակարգը գետնի վրա և ինչ ինստիտուտներից ու մեխանիզմներից պետք է բաղկացած լիներ: Կոնկրետ բովանդակության բացակայությունը այս օրակարգի ձախողման պատճառներից էր: Այս սև ու սպիտակի տրամաբանությունն է նպաստում նաև իշխող թիմի կողմից մինչև 2020 թվականի պատերազմը գոյություն ունեցած բանակցային իրավիճակի խեղաթյուրմանը:

Վերադառնալով ՀՀ կառաավարության դիրքորոշման փոփոխության հարցին` պետք է նշել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման օրակարգը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգից տարանաջատելու գործընթացը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Եթե ստորագրվելիք խաղաղության պայմանագրում առանձին կետով չնշվի, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ապագայում պետք է բանակցություններ տեղի ունենան, Ադրբեջանը կարող է հասնել իր նպատակին և միջազգային հանրությանը համոզել, որ հարցը փակված է: Նման կետով պայմանագրի նախագիծ կողմերին ներկայացրել է Ռուսաստանը, սակայն Ադրբեջանը հրաժարվում ու հրաժարվելու է ստորագրել այդպիսի դրույթով որևէ փաստաթուղթ: Այդ առումով ակնհայտ է, որ եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, այն ամբողջովին համապատասխանելու է Բաքվի պատկերացումներին:

Իրադարձությունների նմանատիպ զարգացման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես դե ֆակտո պետական միավորի ապագան է կասկածի տակ դրվելու: Պարզ չէ, օրինակ, թե այդպիսի բովանդակությամբ փաստաթուղթ ստորագրելուց հետո Երևանը ինչպես է շարունակելու Ստեփանակերտին ֆինանսական օժանդակություն հատկացնել` այդ թվում նաև անվտանգային ոլորտում: Իշխող թիմի տարբեր ներկայացուցիչների մոտ կան ակնկալիքներ, որ Ռուսաստանը կարող է փոխարինել Հայաստանին այդ դերում, սակայն նմանատիպ հույսերը անհիմն են:

Ադրբեջանական պատկերացումներով խաղաղության պայմանագրի ստորագրումը նաև զգալիորեն ուժեղացնելու է Բաքվի դիրքերը ռուսական խաղաղապահ առաքելությունը Արցախից դուրս բերելու գործընթացում: Պետք չէ մոռանալ, որ խաղաղապահները Արցախում են գտնվում այդ թվում նաև Երևանի ստորագրության արդյունքում:

Պարզ չէ նաև, թե նման բովանդակությամբ խաղաղության պայմանագրի ստորագրումը ինչքանով է երաշխավորելու Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Կա հիմնավոր մտահոգություն, որ Բաքուն շարունակելու է Երևանի դեմ ուժային ճնշման քաղաքականությունը նաև հայ-ադրբեջանական համատեքստի այլ օրակարգերում` փորձելով հասնել իր առավելապաշտական նպատակներին: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել վերջերս, որ խաղաղության պայմանագրի առկայությունը խաղաղության երաշխիք չէ տարածաշրջանում: