Միրզոյանի, Բայրամովի և Բլինքենի հեռախոսազրույցի տարբերությունները ԼՂ-ի վերաբերյալ

Հոկտեմբերի 4-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է․ «․․․զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ»:

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է․ «Նախարարը [Բայրամովը] նաեւ նշել է, որ հետհակամարտային շրջանում աշխատանքները կշարունակվեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ»։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայիս տարածած հաղորդագրությունում որևէ անդրադարձ չկա Լեռնայինն Ղարաբաղին․

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր եռակողմ ձևաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։ Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ ականների պայթյունների հետևանքով հայ զինվորների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահը, նա ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում: Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»։

ՍիվիլՆեթ

Մեկնաբանել