Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերի միտումները

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերի միտումները

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Օրերս հրապարակվեց 2023-ի պետական բյուջեի նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է պաշտպանության ապահովման բյուջեն հաջորդ տարի ավելացնել ավելի քան 47 տոկոսով։ Այն 2023-ին կկազմի 501,3 մլրդ դրամ՝ 2022-ի 340,6 մլրդ դրամի դիմաց։

1995-ից ի վեր սա Հայաստանի ռազմական բյուջեի ամենամեծ աճն է։

Ներկայիս փոխարժեքով (Դ405/$1) 2023-ին Հայաստանի ռազմական բյուջեն կկազմի շուրջ 1,24 մլրդ դոլար։

Ադրբեջանի ռազմական բյուջեն հաջորդ տարի նախատեսված է 3,13 մլրդ դոլար։ 2023-ին Հայաստանի ռազմական բյուջեն Ադրբեջանին կզիջի 2,5 անգամ, որը ամենացածր հարաբերակցությունն է 2005-ից ի վեր, երբ Ադրբեջանը սկսեց զգալիորեն մեծացնել իր ռազմական բյուջեն և սպառազինության ձեռքբերման ծավալները։ Համեմատության աղբյուրը Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների բազան և երկու երկրների պետական բյուջեներն են։

Ադրբեջանի ռազմական բյուջեն պատմական առավելագույնին է հասել 2015-ին` կազմելով 3,4 մլրդ դոլար։ Նավթի և գազի միջազգային գների նվազմամբ պայմանավորված՝ այն կրկնակի կրճատվեց 2017-ին՝ հասնելով 1,7 մլրդ դոլարի։ Այդ ժամանակվանից սկսած Ադրեջանի ռազմական բյուջեն կայուն աճում է։

Ադրբեջանի ռազմական ծախսերում ամենամեծ աճը գրանցվել է 2006 և 2011 թվականներին, երբ այն գրեթե կրկնապատկվեց՝ նախորդ տարիների համեմատ։

Հայաստանի ռազմական բյուջեի աճը առավել համեստ է եղել, բայց նաև մեծ ցնցումների չի ենթարկվել։ Վերջին 20 տարում, դոլարային փոխարժեքով արտահայտված, Հայաստանի ռազմական ծախսերը աճել են ամեն տարի՝ բացառությամբ 2011, 2016, 2020 և 2021 թվականների։

Նախկինում ամենազգալի աճը գրանցվել է 2016-19 թվականներին, երբ Հայաստանի պաշտպանական բյուջեն 453 մլն դոլարից հասավ 653 մլն դոլարի։

Հավասարակշռությունից՝ Ադրբեջանի խոշոր առավելություն

Պաշտպանական ոլորտի ծախսերի 2023-ին նախատեսված աճի շնորհիվ Հայաստանը ռազմական ծախսերով Ադրբեջանին 2023-ին կզիջի 2,5 անգամ։ Նախկինում նման ցածր ցուցանիշ գրանցվել է 17 տարի առաջ՝ 2005-ին, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ռազմական բյուջեից ավելի էր կրկնակի։

1995-98 թթ. Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերում պահպանվել է որոշակի հավասարակշռություն։ Մինչև 2005-ը Ադրբեջանը տարբերությունը հասցրեց կրկնակիի։ Դրանից հետո Ադրբեջանի առավելությունը աստիճանաբար աճեց, իսկ բարձրակետին հասավ 2011-12 թվականներին։ Այդ տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը Հայաստանի ռազմական ծախսերից ավելի էին 8-9 անգամ։ Այնուհտեև տարբերությունն աստիճանաբեր նվազեց՝ 2019-ին հասնելով երեք անգամի։

Ընդհանրապես, Հայաստանն ու Ադրբեջանն աշխարհի ամենառազմականացված երկրներից են։ Ըստ Բոննի hակամարտությունների ուսումնասիրության միջազգային կենտրոնի (BICC) ռազմականացման 2020-ի ցուցանիշի՝ Հայաստանը աշխարհի 2-րդ, իսկ Ադրբեջանը 16-րդ ամենառազմականացված երկրներն են։

Այս մասին է փաստում նաև երկու երկրների ռազմական ծախսերի զգալի մասնաբաժինը՝ պետական բյուջեների ընդհանուր ծախսերի մեջ։

2004-ից ի վեր Հայաստանի պաշտպանական ծախսերի մասնաբաժինը բյուջեի ծախսերի մեջ մշտապես եղել է 13,6 տոկոսից բարձր։ 2018-ին այն հասել է առավելագույնի՝ 19,2 տոկոս, որը կգերազանցվի հաջորդ տարվա բյուջեով։ 2023-ին ընդհանուր ծախսերի 19,35 տոկոսն է նախատեսվում ուղղել պաշտպանական ոլորտին։

Ադրբեջանը գրեթե մշտապես զիջել է Հայաստանին այս ցուցանիշով՝ բացառությամբ 2021 և 2022 թվականների։ Ադրբեջանը վերջին երկու տասնամյակներում իր բյուջեի 8,7-17,5 տոկոսն է ուղղել ռազմական ոլորտին։ Հաջորդ տարի այն կկազմի 16 տոկոս՝ Հայաստանի 19,35 տոկոսի դիմաց։

Մեկնաբանել