Վրաստանում Լազիկա նոր քաղաքի շինարարությունը կսկսվի մի քանի օրից. Սաակաշվիլի

Վրաստանի սևծովյան՝ արևմտյան շրջանում, նոր Լազիկա քաղաքի շինարարությունը կմենարկի մի քանի օրից: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առողջարանային Անակլիա քաղաք երեկ կատարած իր այցի ընթացքում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Նոր քաղաքի կառուցման նախաձեռնության մասին Սաակաշվիլին հայտարարել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին: Վրաստանի արդարադատության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել էր, որ արդեն մշակման փուլում է համապատասխան հայեցակարգը: Այս տարի մայիսին Սաակաշվիլին հայտարարել էր, որ նոր քաղաքը հատուկ կարգավիճակ կստանա:

«Մի քանի օրից կսկսվի իմ գլխավոր երազանքի իրականցումը՝ նոր, գեղեցիկ քաղաքի՝ Լազիկայի շինարարությունը, որը կդառնա Փոթիիի շարունակությունը և շրջանի տնտեսական կենտրոնը: Վստահ եմ, որ այն կդառնա Վրաստանի հպարտությունը և կկարողանա գրավել բոլորին, այդ թվում՝ օկուպացված գծից այն կողմ ապրողներին: Լազիկան կրում է Վրաստանի, նրա միասնականության և վերածննդի, այլ ոչ ավերածությունների և պատերազմի գաղափարը», -ասել է Սաակաշվիլին:

Ըստ նրա՝ նոր նավահանգիստ կկառուցվի նաև Փոթիում:

Մեկնաբանել