Ալիևը հույս ունի, որ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը երկար չի տևի:

«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի հարցում, քանի որ վերջերս՝ մի քանի օր առաջ, տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով այդ կարգի առաջին հանդիպումը։ Հուսով ենք, որ (խաղաղության պայմանագրի նախապատրաստումը – խմբ․) երկար չի տևի»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Աղդամում ընթացող Ազգային քաղաքաշինական առաջին համաժողով ժամանակ իր ելույթում ասել է Ալիևը, փոխանցում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը։

Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Բաքվում գիտեն այն մարտավարության մասին, որը սովորաբար կիրառում է Հայաստանը, երբ չի ցանկանում համաձայնության գալ: Նա հավելել է, որ Հայաստանի այդ մարտավարությանն Ադրբեջանը հետևել է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների 28 տարիների ընթացքում: Ալիևը կոչ է արել Հայաստանին զերծ մնալ նման քաղաքականությունից․ «Եթե դա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում»,- ասել է նա:

Ալիևը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել՝ 5 սկզբունքների հիման վրա։

Նա նաև հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում քննարկել Ղարաբաղի հարցը, քանի որ դա «Ադրբեջանի ներքին գործն է»։ Ալիևը հավելել է, որ Ղարաբաղի հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներն են։

«Ղարաբաղը Ադրբեջանն է, և երկրորդ ղարաբաղյան պատերազմը հաստատեց դա։ Օկուպացիայի ժամանակ ոչ մի երկիր, այդ թվում ՝ Հայաստանը, չի ճանաչել այդ արհեստական կազմավորումը (նկատի ունի Արցախի Հանրապետությունը – խմբ․)։ Դրանք Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող հարցեր են, մենք երբեք դա չենք քննարկել միջազգային ինստիտուտների կամ որևէ երկրի հետ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Մեկնաբանել