Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանում կանխատեսում է 7 տոկոս աճ 

Համաշխարհային բանկը Հայաստանում 2022-ին կանխատեսում է 7 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին նշվում է ՀԲ-ի՝ այսօր հրապարակած «Տնտեսական վերջին զարգացումները» զեկույցում։ (Հայաստանի կառավարության՝ 2022-ի տնտեսական աճի կանխատեսումը նույնպես 7 տոկոս է)։

ՀԲ-ն Հարավային Կովկասում կանխատեսում է, որ 2022-ին արտադրողականությունը կաճի 5,6 տոկոսով՝ ամենաարագը Եվրոպա-Կենտրոնական Ասիա ենթատարածաշրջաններում։ Բարելավումն արտացոլում է սպասվածից լավ աճը, ընդ որում՝ ակտիվությանն օժանդակում են էներգակիրների բարձր գները և հարկաբյուջետային աջակցությունն Ադրբեջանում, ինչպես նաև բոլոր երեք տնտեսություններում (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) տարվա առաջին կիսամյակում առողջ ներքին պահանջարկը։

Ակնկալվում է, որ 2022-ին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 7 տոկոս, իսկ Ադրբեջանինը և Վրաստանինը՝ համապատասխանաբար 4,2 և 8,8 տոկոս։ ՔՈՎԻԴ-19-ի սահմանափակումների մեղմացումը, ինչպես նաև Ռուսաստանից դրամական փոխանցումների շեշտակի աճն ապահովել են ներքին պահանջարկի աճ և հետևաբար նաև՝ գնաճ։ Գնաճը բարձրացել է նաև ներմուծման, պարենային և վառելիքի բարձր գների հետ մեկտեղ։

2023-ին Հարավային Կովկասում սպասվում է աճի տեմպի կտրուկ դանդաղում մինչև 3,3 տոկոս՝ էապես ցածր, քան այս տնտեսությունների մեծ մասի պոտենցիալ աճի տեմպն է։ Կանխատեսվում է, որ Հայաստանում 2023-ին աճը կկազմի 4,3 տոկոսով, Ադրբեջանում՝ 2,8 տոկոս, իսկ Վրաստանում՝ 4.2 տոկոս։ Աճի տեմպի դանդաղումն արտացոլում է 2022-ի ուժեղ վերականգնումից հետ թափի թուլացումը, Եվրամիությունում աճի տեմպի դանդաղումը և Հարավային Կովկասի տնտեսական ամենամոտ գործընկերներից մեկի՝ Ռուսաստանի արտադրողականության ծավալների սպասվածից ավելի կտրուկ կրճատումը 2023-ին, քանի որ ԵՄ նավթային էմբարգոյի հետ կապված ուշացած պատժամիջոցները լիարժեք ուժի մեջ են մտնում, և նրա էներգետիկ մատակարարումներն ավելի են խաթարվում։

Ընդհանուր առմամբ, զեկույցի հեղինակները նշում են, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով կտրուկ դանդաղել է համաշխարհային տնտեսական ակտիվության տեմպը, ընդ որում՝ համաշխարհային տնտեսությունը 2023-ին ռեցեսիայի մեջ ընկնելու վտանգի առջև է հայտնվել, քանի որ խոշոր տնտեսություններում աճի տեմպի կտրուկ դանդաղումը շարունակվում է։

2022-ին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող շուկաներում և զարգացող տնտեսություններում կանխատեսվում է արտադրողականության 0,2 տոկոս կրճատում, ինչը պայմանավորված է պատերազմի հարուցած բացասական ազդեցությունների տարածմամբ։ Կանխատեսվում է, որ տնտեսական աճը կվերականգնվի միայն 2023-ին, քանի որ ՀՆԱ-ն աճը 0,3 տոկոս է կազմելու։

Տարածաշրջանի երկրների մեծ մասի՝ 2023-ին կանխատեսվող աճի ցուցանիշներն իջեցվել են, քանի որ յուրաքանչյուր երկրի վրա ազդում է եվրոգոտում տնտեսական աճի խամրած հեռանկարները, նախատեսվածից խիստ դրամավարկային քաղաքականությունը և հումքային ապրանքների շուկայի ծանր ցնցումները և պատերազմի առաջացրած համընդհանուր անորոշությունը։

Ռուսաստանի տնտեսությունը միջազգային պատժամիջոցների սկզբնական փոթորիկին սպասվածից ավելի լավ դիմագրավեց՝ կապիտալի արագ ընդունված և լայնածավալ հսկողության և իրացվելիության գործառնությունների և տնային տնտեսություններին, ընկերություններին և մարզային կառավարման մարմիններին ուղղված հարկաբյուջետային աջակցության համակցման շնորհիվ։

Այնուամենայնիվ, 2022-ին Ռուսաստանի տնտեսության ծավալների 4,5 տոկոսով կրճատում է ակնկալվում, քանի որ իրական աշխատավարձերի անկման պատճառով սպառումը պակասում է, իսկ պատժամիջոցները և օտարերկրյա բիզնեսների կամավոր դուրսբերումը ու հսկայական անորոշությունը բացասաբար են անդրադառնում ներդրումների վրա։ 2023-ին, հաշվի առնելով շարունակվող պատերազմը և ընդլայնվող պատժամիջոցները, Ռուսաստանի տնտեսությունը ակնկալվում է, որ կրկին 3,6 տոկոսով անկում կունենա, քանի որ ԵՄ կողմից նավթային էմբարգոյի ուղղությամբ ավելի վաղ տեղ գտած ուշացումներն ամբողջությամբ կյանքի են կոչվում և աճը պայմանավորվող բոլոր գործոնները թուլանում են։

Ըստ գնահատականների՝ Ուկրաինայի 44 միլիոն բնակչության մեկ երրորդը տեղահանվել է Ռուսաստանի ներխուժման հետևանքով։ ՀԲ-ն կանխատեսում է, որ 2022-ին Ուկրաինայում ՀՆԱ-ն կկրճատվի շուրջ 35 տոկոսով։

Մեկնաբանել