Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ, ինչն անընդունելի է․ Բորել

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ։ Նրանք ռմբակոծել են Հայաստանի տարածքը՝ օգտագործելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Հոկտեմբերի 4-ին Եվրախորհրդարանում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Այն, ինչ տեղի է ունենում, չափազանց ցավալի է, կա մոտ 300 զոհված զինվոր, որոնցից 207-ը հայ են։ Կան որոշ օկուպացված տարածքներ, ինչը բացարձակապես անընդունելի է։ Հիմա զորքերն այնքան մոտ են կանգնած իրար, որ նոր հակամարտության վտանգ կա»,- ասել է նա։

Բորելը հայտարարել է, որ հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունը «սարսափելի է» և պահանջել է հետաքննություն իրականացնել։

Միևնույն ժամանակ նա պաշտպանել է Ադրբեջանի հետ ԵՄ-ի կնքած էներգետիկ համաձայնագիրը՝ ասելով, որ «համաձայնագիրը չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական խնդիրների, որոնք ծագել են երկրում»:

Բորելի խոսքով՝ «Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին»։ Նա նշել է, որ ԵՄ-ն խնդրել է Թուրքիային օգտագործել ազդեցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը կօգնի նվազեցնել լարվածությունը։

«Կցանկանայի, որ մենք կարողանայինք խաղաղության հասնել կովկասյան տարածաշրջանում և շատ այլ հատվածներում, որտեղ խաղաղության կարիք կա: Ցավոք, մենք ունենք միայն այն միջոցները, որոնք ունենք, դա քաղաքական ազդեցությունն է: Մենք տարածաշրջանի հարցերով հատուկ բանագնաց ունենք, որը մշտական ​​կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի ԵՄ անդամների հետ։ Մենք նաև հումանիտար օգնություն ենք առաջարկում, և դա այն է, ինչ մենք կարողանում ենք անել»,- ասել է նա։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 4 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնշխան տարածքից տասը քառակուսի կիլոմետր։ 2021-ի մայիսին էլ Ադրբեջանը օկուպացրել էր ավելի քան 40 քառակուսի կիլոմետր Սև լճի և Վերին Շորժայի տարածքում։

Մեկնաբանել