ՀԱՊԿ-ը մշակում է տարածաշրջանում իր գործնական ներկայությունը ցույց տալու քայլեր․ Կոպիրկին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ինչպես ինձ հայտնի է, նա (Ստանիսլավ Զասը՝ Նիկոլ Փաշինյանին – խմբ․) զեկուցել է այն առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը մտադրվում է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ուսումնասիրության համար: Կարծում եմ՝ խոսքն այն կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան Կազմակերպության ներկայությունը և դերը այս տարածաշրջանում»,- նշել է Կոպիրկինը:

***

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 4 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։