Արաբկիրում ջրամատակարարման խնդիրները լուծում կստանան

Հոկտեմբերի 5-ին Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում ջրանջատման պատճառը Կորեայի ձորում «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի շրջանցիկ հատվածը գործող խողովակաշարին միացնելու աշխատանքներն են։

Այստեղ հողի շարունակվող սողքի պատճառով հաճախակի վթարվում է Հրազդան գետի ձախ ափով ձգվող ջրատարը, որը հանգեցնում է երկարաժամկետ ու լայնածավալ ջրանջատումների: Սողքի պատճառը և՛ բնածին է, և՛ մարդածին։

Նաև Հրազդան գետի հունն է նեղացել՝ տեղ-տեղ կազմելով ընդամենը 3-5 մետր, որի հետևանքով տարածքում առաջացել են խողովակաշարի աշխատանքը խոչընդոտող ջրի կուտակումներ:

Խնդրի լուծման նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերությունը կառուցել է Հրազդան գետի աջ ափով ձգվող 210 գծամետր նոր ջրատար, որը նախապես լվանալուց ու ախտահանելուց հետո այսօր միացվելու է «Արզնի 2-Երևան»-ին:

Ծրագրի ծախսերը հոգում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

Ընկերության ջրամատակարարման ինժեներ Գուրգեն Գոլեցյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Արաբկիրում տեղադրվում է ճնշման կարգավորիչ։

Այս գործընթացի ընթացքում Արաբկիրում կկարգավորվի ջրամատակարարումը։

Մեկնաբանել