Ութ ամսում Հայաստան է փոխանցվել շուրջ 3 մլրդ դոլար, մեծ մասը` Ռուսաստանից

dram-usd

Օգոստոսին արտերկրից Հայաստան իրականացրած մասնավոր դրամական փոխանցումները կազմել են 472 մլն դոլար, որը թեև 17%-ով զիջում է նախորդ ամսվա ցուցանիշին, սակայն շարունակում է բարձր մնալ: Անցած ութ ամիսներին Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է շուրջ 2,9 մլրդ դոլար, որը ռեկորդային ցուցանիշ է:

Համաձայն Կենտրոնական բանկի հրապարակման՝ դրամական փոխանցումների ամբողջ ծավալը չէ, որ մնում է Հայաստանում, մի մասն արտահոսում է: Օգոստոսին Հայաստանից արտասահման դրամական փոխանցումները կազմել են 181 մլն դոլար, հուլիսին` 432 մլն դոլար (ներհոսքը` 567 մլն դոլար): Անցած ութ ամիսներին Հայաստանից ընդհանուր առմամբ արտահոսել է շուրջ 1,5 մլրդ դոլար: Զուտ ներհոսքը կազմել է շուրջ 1,4 մլրդ դոլար:

Դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են: Օգոստոսին ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 296 մլն դոլարի, ԱՄՆ-ից` 33 մլն դոլար: Ընդհանուր առմամբ ութ ամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել շուրջ 1,6 մլրդ դոլար, ԱՄՆ-ից` մոտ 260 մլն դոլար:

Դրամական փոխանցումների առատությամբ են մասնագետները մասամբ բացատրում հայկական դրամի արժևորման պահպանվող միտումը:

Մեկնաբանել