Ժնևում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հոկտեմբերի 2-ի բանակցությունների ժամանակ ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցել է այս տարվա մարտին Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի հինգ կետերը համալրող տարրերի առաջարկ։ Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ այս տարվա մարտին Ադրբեջանը Հայաստանին հինգ սկզբունքներ էր առաջարկել, որոնց թվում Հայաստանն անընդունելի ոչինչ չի տեսնում, բայց ունի դրանք լրացնող առաջարկներ։ «Այս անգամ փոխանցած առաջարկները կառուցված են այդ սկզբունքների վրա, անշուշտ կան բաներ, որ վերլուծում ենք, բաներ կան, որ ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի, բաներ կլինեն, որ մենք կառաջարկենք, նորմալ բանակցային ընթացք է»,- ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության հնարավորության հարցին՝ նա պատասխանեց՝ կա տեսակետ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ կարող է ստեղծվել, քննարկումներ են ընթանում, Հայաստանն ունի մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ։