Փաշինյանը Պրահայում կհանդիպի Ալիևին, նախատեսված է հանդիպում նաև Էրդողանի հետ

Պրահայում կայանալու է քառակողմ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ․ այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախատեսված է առանձին հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Ես մեկնում եմ Պրահա և մասնակցելու եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և այդ շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն այս ուղղություններով, որն ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնկացելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին։

Մեկնաբանել