Բանավոր պայմանավորվածություններ չեն եղել․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հերքում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը բանավոր պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ։

Օսկանյանը սեպտեմբերի 17-ին հրապարակված հոդվածում գրել էր, որ որոշ հարցեր նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունից դուրս են թողնվել, բայց դրանց շուրջ եղել են բանավոր պայմանավորվածություններ։

«Հոդվածի վերլուծության հիմքում դրվել է որոշակի կանխավարկած, ու դրա հիման վրա կառուցվել է վերլուծոթյուն ու պնդում։ Առնվազն տարակուսանք եմ ապրել, երբ կարդացի դա, որովհետև հետևությունների հիմքում դրված է շատ թեական վարկած, որ կա բանավոր պայմանավորվածություն։ Իսկ ի՞նչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկան։ Ստացվում է՝ ամբողջ թեզը անտեղի բառերի միացություն է՝ ողջ հարգանքով հանդերձ Օսկանյանի հանդեպ»,- պատասխանեց Միրզոյանը։

Նա վստահեցրեց՝ ստորագրված, հրապարակված պայմանավորվածություներից բացի այլ պայմանավորվածություններ չկան, Հայաստանն այլ պայմանավովածությունների մաս չի կազմել ու չի կազմելու։

Հնարավոր բանավոր պայմանավորվածությունները Միրզոյանը գնահատում է «ամբողջությամբ ադրբեջանական նարատիվ»։

«ՀՀ-ն իբր մի բան է պայմանավորվել, չի անում, դա լեգիտիմացնում է նրանց ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ։ Ես խորհուրդ կտայի Օսկանյանին ու այլոց, որ հարցի այդ ասպեկտին ուշադրություն դարձնեն»,- ամփոփեց Միրզոյանը։

Մեկնաբանել