Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը․ արդարադատության նախարար

Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի պաշտոնավորումն ավարտվել է։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում՝ ներկայացնելով պաշտոնավորման ընթացքում ձեռք բերած արդյունքները՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պարեկային ոստիկանության ընդլայնում և այլն։

«Այս ամենն իհարկե կատարվել է Արդարադատության նախարարության թիմի հազարավոր նվիրյալների և նրանց մի քանի տասնյակ փայլուն ղեկավարների ջանքերով: Ես պարզապես աշխատել եմ չխանգարել նրանց եռանդուն աշխատանքին:


Բոլոր թվարկված արդյունքները չեն սկսվել ինձ հետ, և սպասվող նոր բարեփոխումները բնականաբար չեն ավարտվի իմ հեռանալուց հետո: Այս ամենն սկսվել է 2018 թվականի հեղափոխությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի ջանքերով: Առանձնահատուկ շնորհակալ եմ պարոն Փաշինյանին այս մեծ պատասխանատվությունն ինձ վստահելու և մեր բոլոր դրական նախաձեռնություններին իր ամենօրյա մեծ աջակցության համար:


Շնորհակալ եմ Կառավարության բոլոր անդամներին, Ազգային ժողովում ակտիվ աշխատող բոլոր պատգամավորներին, բոլոր պետական կառույցների գործընկերներին, Վարչապետի գերպրոֆեսիոնալ աշխատակազմին: Առանձնահատուկ շնորհակալ եմ բոլոր հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին. հատկապես իրենց օբյեկտիվ քննադատությունը մեզ շատ է օգնել: Շնորհակալ եմ բոլոր դեսպաններին և միջազգային կառույցներին՝ արդարադատության ոլորտում իրենց սրտացավ աջակցության համար:


Ցանկացած կարգավիճակով կշարունակեմ իմ աշխատանքը, որպեսզի Հայաստանում ի վերջո լինի արդարություն բոլորի համար, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը արդար և արդյունավետ դատարանն է»,- գրել է նա։