Եվս չորս մարզերում պարեկային ծառայության ներդրման համար կհատկացվի 3,6 մլրդ դրամ

Կառավարությունը Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում ոստիկանության պարեկային ծառայության ներդրման նպատակով 3,6 միլիարդ դրամ կուղղի ոստիկանությանը։ Գումարը ոստիկանությանը կուղղվի պետական պարտքի կառավարման ծրագրի համար նախատեսված միջոցներից։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 6-ի նիստի օրակարգում։

Ոստիկանությունը այդ գումարից 1,2 միլիարդն ուղղելու է վարչական սարքավորումների ձեռբքերմանը, գույքի և սարքավորումների վարձակալությանը, ներքին գործուղումներին, պարեկային մեքենաների գունագրաֆիկ ձևավորմանը, գրասենյակային նյութերի ու հագուստի ձեռքբերմանը, պարեկայինին ծառայող շենքերի վերանորոգմանն ու պահպանմանը, մեքենաների վերանորոգմանը և այլն։

Պարեկային ծառայության մեքենաները ձեռք էին բերվել «Տոյոտա Երևան» ընկերությունից, այս տարվա հուլիսին 171 ավտոմեքենաների համար հատկացվել էր 3,1 միլիարդ դրամ։

Նախատեսվում է, որ Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում ու Կոտայքում պարեկային ծառայությունը կգործի 2023-ի հունվարից։ Ծառայությունն այժմ գործում է Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում։