Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Պրահա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետն այսօր մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Հոկտեմբերի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն այս ուղղություններով, որն ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»։

Մեկնաբանել