Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն Ազգային ժողովի 67 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ։

Անդրեասյանը ԲԴԽ անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, որ «հավակնում է ԲԴԽ նախագահի պաշտոնին»։ Նա հոկտեմբերի 5-ին ազատվել էր արդարադատության նախարարի պաշտոնից:

Ըստ Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: ԲԴԽ-ն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ։ ԲԴԽ անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի:

Կարեն Անդրեասյանի և Երանուհի Թումանյանցի թեկնածություններն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

ԲԴԽ-ում երկու թափուր տեղ էր առաջացել նախկին անդամներ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից և Լիպարիտ Մելիքջանյանի՝ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավոր նշանակվելուց հետո։

Մեկնաբանել