Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի առաջարկներ․ Զախարովա

Մոսկվան Բաքվին և Երևանին է փոխանցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ համապարփակ առաջարկներ, հոկտեմբերի 6-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք այցելություններ է կատարել տարածաշրջան՝ այդ թեմայով խորհրդատվությունների համար»,- ասել է նա:

Զախարովան նպատակահարմար չի համարել խաղաղության վերաբերյալ բանակցությունների մանրամասների մեկնաբանումը․ «Մենք չենք զբաղվում ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա, մենք գործում ենք։ Մենք ասում ենք, թե ինչ է հաջողվել անել։ Հաշվի առնելով խաղաղ պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը, նպատակահարմար չենք համարում մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները: Այնուամենայնիվ, մենք արդյունքի հասնելու նպատակ ունենք»,- ասել է նա։

Ըստ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցչի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման արևմտյան մոտեցումները «այնքան էլ հավասարակշռված չեն»։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի վերաբերյալ արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշիռ չեն թվում, իսկ որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, անկեղծ ասած, նույնիսկ չեմ ուզում խոսել, որովհետև անհնար է նրանց խաղաղության միջնորդ անվանել»,- նշել է Զախարովան:

Մեկնաբանել