Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի շնորհավորական ուղերձները Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի առթիվ։

«Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն և համատեղ ակտիվ աշխատանք մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ներկապնակի հարստացման և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության, հաստատել վստահության մթնոլորտ»,- նշել է նա։

ՌԴ նախագահին շնորհավորել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Թույլ տվեք Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ՝ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ձեր անձնական ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման, արցախցիների իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում, ինչի համար շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին և կշարունակեք Ձեր ծանրակշիռ ջանքերը հիմնախնդրի վերջնական ու արդարացի կարգավորման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Ձեր հիշարժան հոբելյանի կապակցությամբ: Խաղաղություն ու մեծագույն հաջողություններ Ձեզ և մեր բարեկամ ռուս ժողովրդին»,- նշված է ուղերձում։