Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck
Իշխանական շրջանակները թեև հայտարարում են, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոչընդոտել է ՊՎԾ-ի կողմից ստուգումների իրականացումը քաղաքապետարանում, սակայն պարզվում է՝ ծառայությունը դեռ Մարությանի պաշտոնավարման շրջանում ստուգումներ իրականացրել է։
Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հուլիսի վերջին հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում Հայկ Մարությանի քաղաքապետության տարիներին (2018-2021) վերաբերող շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտումներ ու չարաշահումներ են հայտնաբերվել։ Օրեր անց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ քաղաքապետարանում ուսումնասիրությունը մեկնարկել էր 2021-ի տարեվերջին՝ Հայկ Մարությանի հեռացումից ընդամենը մեկ շաբաթ անց։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքն էլ նույն օրերին գրեց, որ ՊՎԾ-ն վաղուց է ցանկացել ուսումնասիրություններ իրականացնել քաղաքապետարանում, սակայն Մարությանն ամեն կերպ խոչընդոտել է ՊՎԾ աշխատանքները: «Եվ հիմա, երբ Հայկ Մարությանն այլևս քաղաքապետ չէ, ՊՎԾ֊ին հաջողվել է պարզել, որ Երևանի քաղաքապետարանում 2018 թվականից ի վեր եղել են շուրջ 15,8 մլրդ դրամի չարաշահումներ»,- գրել էր կայքը։
Այս հոդվածը վերահրապարակել էին araratnews.am լրատվականը և ֆեյսբուքյան խմբեր։
Նմանատիպ պնդում արեց նաև վերջերս՝ սեպտեմբերի 23-ին Երևանի նորընտիր փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ՊՎԾ-ն Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում երկու անգամ փորձել է ստուգումներ իրականացնել։ «Քաղաքապետարանում բավականին մեծ դիմադրությունների է հանդիպել երկու անգամ»,- ասել է Ավինյանը։
Մարությանի ժամանակ ուսումնասիրություններ եղե՛լ են
#CivilNetCheck-ը փորձեց ՊՎԾ-ից և Երևանի քաղաքապետարանից ճշտել՝ ի վերջո, Մարությանի պաշտոնավարման ընթացքում ուսումնասիրություններ իրականացվե՞լ են։
Քաղաքապետարանը այդպես էլ պատասխան չտվեց մեր երկու գրավոր հարցումներին։ Լրատվության վարչությունից #CivilNetCheck-ին փոխանցեցին, որ հարցը իրենց չի վերաբերում, իրենք պարտավոր չեն պատասխանել և տեղեկատվությունը պետք է ստանալ ՊՎԾ-ից։
ՊՎԾ-ից նախ հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանում 2018-ից ի վեր ուսումնասիրություն իրականացվել է 2021-ի դեկտեմբերի 29-ից մինչև 2022-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: Մեկ այլ հարցմանն ի պատասխան ծառայությունից հայտնեցին, որ 2020 թվականից մինչև 2021 թվականի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանում ուսումնասիրություն չի իրականացվել:
Իրականում, սակայն, հրապարակված տեղեկությունները վկայում են, որ ՊՎԾ-ն դեռ Մարությանի օրոք է ուսումնասիրություններ իրականացրել Երևանի քաղաքապետարանում։
Դեռ 2021-ի ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՎԾ-ն փորձել է ստուգումներ իրականացնել քաղաքապետարանում, սակայն հանդիպել է անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի դիմադրությանը։ «Վերջում հավելենք, որ, չնայած այդ դիմադրությանը, ՊՎԾ աշխատակիցները շարունակում են ստուգումները»,- գրել էր թերթը։
Մենք կապ հաստատեցինք նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրասենյակի հետ։ Նրանց հավաստմամբ ՊՎԾ-ն՝ լիազոր պետական մարմնի գրավոր հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումներում ստուգումներ է սկսել 2020-ի վերջին։
«Ստուգումները տևել են մի քանի ամիս։ Հարկ ենք համարում ընդգծել, որ քաղաքապետ Հայկ Մարությանի բանավոր կարգադրությամբ ՊՎԾ ստուգողներին ցուցաբերվել է պատշաճ աջակցություն՝ աշխատանքները առավելագույս արդյունավետ կազմակերպելու համար»,- ասվում է գրասենյակի պատասխանում։
Այս պատասխանից հետո մեկ այլ հարցում ուղղեցինք ՊՎԾ-ին, սակայն ծառայությունը կրկին պնդեց, թե ուսումնասիրություններ չեն եղել։
#CivilNetCheck-ը երրորդ անգամ դիմեց ՊՎԾ-ին՝ այս անգամ խնդրելով մեկնաբանել «Ժողովուրդ»-ի հրապարակումը, որում խոսվում էր քաղաքապետարանում ստուգումների մասին։ Ի վերջո ՊՎԾ-ն հաստատեց, որ 2020-2021 թվականներին՝ Մարությանի պաշտոնավարման ժամանակ, Երևանի քաղաքապետարանում իրականացվել են մշտադիտարկումներ։ Դրանք ներառվել են 2022-ին իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մեջ։
ՊՎԾ-ի կողմից ուսումնասիրությունն ու մշտադիտարկումը նմանաբնույթ, սակայն որոշ նրբություններով տարբեր գործընթացներ են։ Որևէ գերատեսչությունում մշտադիտարկում կարող է իրականացվել ՊՎԾ ղեկավարի որոշմամբ, իսկ ուսումնասիրությունը՝ վարչապետի։ Բացի այդ, մշտադիտարկումը նպատակ ունի ավելի օպերատիվ ստուգել որևէ դիմում, բողոք, իսկ ուսումնասիրությունն ավելի տևական ու ծավալուն գործընթաց է։ ՊՎԾ-ի կողմից մշտադիտարկմանը կարող է հաջորդել ուսումնասիրություն։
#CivilNetCheck-ը կապ հաստատեց նաև ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հետ։ Վերջինս հաստատեց՝ իր նշանակումից՝ 2020-ի հոկտեմբերից 1-2 ամիս առաջ արդեն Երևանի քաղաքապետարանում կային ստուգումներ. «Մշտադիտարկում և ուսումնասիրություն քաղաքապետարանում բացված է եղել մինչև իմ՝ այնտեղ նշանակվելը, դրանից 1-2 ամիս առաջ։ Դա ծավալուն աշխատանք էր, տեղում աշխատող խմբեր կային»,- հայտնեց Ուլիխանյանը։
Այսպիսով, իշխանական շրջանակներից տարածվող տեղեկությունները, թե Հայկ Մարությանը խոչընդոտել է ՊՎԾ-ի ուսումնասիրությունները քաղաքապետարանում, չի համապատասխանում իրականությանը։ ՊՎԾ-ն Մարությանի քաղաքապետության ընթացքում մշտադիտարկում և ուսումնասիրություններ է իրականացրել այնտեղ։