Խաղաղության համաձայնագրից հետո Հայաստանի առաջ կբացենք բոլոր դռները՝ օդային, ցամաքային, երկաթուղային․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խաղաղության, Թուրքիան Հայաստանի առաջ կբացի բոլոր դռները՝ օդային, ցամաքային, երկաթուղային։

«Անկեղծորեն հավատում ենք, որ մեր տարածաշրջանում բարիդրացիության հիման վրա կարող ենք հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորմանը միտված մեր նպատակին»,- հայտարարել է Էրդողանը Եվրոպական քաղաքական համայնքի աշխատանքների շրջանակներում տված մամուլի ասուլիսին:

Թուրքիայի առաջնորդը դրական է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:

«Ինչպես հայտնի է շարունակվում են հատուկ ներկայացուցիչների մակարդակով երկկողմ հանդիպումները, և մենք էլ այսօրվա մեր հանդիպումը [հայկական կողմի հետ] անցկացրեցինք անկեղծության մթնոլորտում: Այդ հանդիպման ընթացքում որոշ պահանջներ ներկայացվեցին, որոնք հանձնարարվեցին թե՛ հատուկ ներկայացուցիչներին, թե՛ արտգործնախարարներին: Արտգործնախարարներն ու հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն և մենք մեր քայլերը կանենք ըստ ստացված արդյունքի»:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ ներկայում Թուրքիան ու Հայաստանն աշխատում են բեռնափոխադրումների և օդային հաղորդակցության ուղղությամբ: «Վայրկյան առաջ ցանկանում ենք Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացում և ցանկանում ենք այդ գործը լուծել»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը շեշտելով, որ Անկարան որևէ նախապայման չունի Հայաստանի հետ հարաբերություններում, մանրամասնել է՝

«Մենք չունենք նախապայման: Միայն ցանկանում ենք Ադրբեջանի հետ [ձեր] հարաբերություններում իրավական հարցերի լուծումն ու խաղաղության համաձայնագրի կնքումը: Դրանց իրագործումից հետո, մեզ հետ կապված որևէ խնդիր չի լինի, բոլոր դռները՝ օդային, ցամաքային, երկաթուղային կբացենք»:

Մեկնաբանել