ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը կքննարկվի հակամարտությունների լուծման միջոցների մշակման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ ժամանելու համար և նշել, որ այսօրվա ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավորություն կունենան քննարկել հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվելիք հարցերն ու թեմաները»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ հանդիպմանը Պուտինն ընդգծել է ԱՊՀ ներսում հակամարտությունների լուծման ուղղությամբ միջոցների մշակման անհրաժեշտությունը։

«Հանդիպման շրջանակում, իհարկե, կանդրադառնանք նաև Համագործակցության տարածքում անվտանգության ապահովման խնդիրների հետ կապված հարցերին։ Չէ որ Ուկրաինայից բացի, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, ցավոք, նաև հետխորհրդային տարածքի այլ պետությունների միջև երբեմն հակամարտություններ են ծագում, և դա, անշուշտ, պահանջում է դրանց լուծման միջոցների մշակում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։

***

Վարչապետը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Պրահայում էր։ Չեխիայի մայրաքաղաքում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Փաշինյանը հանդիպում է անցկացրել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Մեկնաբանել