Ռուսաստանի միջուկային սպառնալիքը բլե՞ֆ է, թե՞ իրական․ եվրոպական մամուլի անդրադարձը

Ռուսաստանն իսկապե՞ս մտադիր է միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս հարցը հիմա անհանգստացնում է ոչ միայն Եվրոպային։ Տեսանյութում, որը վերջերս շրջանառվում էր սոցիալական ցանցերում, երևում է, թե ինչպես է միջուկային զենքով ռուսական շարասյունը շարժվում դեպի Ուկրաինայի սահմանները։ Թեմայի վերաբերյալ եվրոպական մամուլից լրաքաղ է արել Eurotopics.com կայքը։

Միջուկային զենքի օգտագործումը դառնում է ավելի հավանական, մտավախություն է հայտնում իռլանդական Irish Independent-ը.

«Պուտինին ելք է պետք այն քաոսից, որն ինքն է անտեղի ստեղծել, բայց ելք չկա։ Ռուսաստանի իռացիոնալ բռնապետը գնալով ավելի է սիրում խոսել այն մասին, թե ինչպես է մանուկ հասակում առնետին անկյուն գցել Սանկտ Պետերբուրգի՝ այն ժամանակվա Լենինգրադի տնակային թաղամասերում, և թե ինչպես է հետո նա հարձակվել իր վրա: Մտահոգիչն այն է, որ Պուտինը հաճույքով իրեն համեմատում է այդ առնետի հետ։ Ռուսաստանում բազմիցս վարչակարգի փոփոխության կոչեր են հնչել, բայց անգամ դա դժվար թե կարողանա լուծել խնդիրը։ Ի վերջո, իր իսկ քաղաքական գործիչների և գեներալների կողմից ամենակոշտ քննադատությունն այն չէ, որ նա ներխուժել է Ուկրաինա, այլ այն, որ նա բավական կոշտ չէ այնտեղ»։

Հաչացող շունը չի կծում։ Պուտինին ձեռնտու է, երբ Արևմուտքը նրա պահվածքը համարում է իռացիոնալ, վերլուծում է էստոնական Eesti Päevaleht-ը.«Պուտինն իր հաշվարկը հիմնում է այն բանի վրա, որ միջուկային զենքի հանդեպ արևմտյան հասարակության վախը բավական մեծ կլինի, և Արևմուտքը կշտապի նրան ելք առաջարկել ստեղծված իրավիճակից… Այնուամենայնիվ, այս սպասումները չափազանցված են: Փոքր մարտավարական միջուկային զենքի կիրառումը, լավագույն դեպքում, երկու կիլոմետրանոց բաց կստեղծի առաջնագծում։ Ըստ այդմ, դա ոչ թե վճռական հաջողություն կբերի մարտի դաշտում, այլ միայն հասարակական աջակցության ավելացում Ռուսաստանի դեմ ավելի վճռական քայլերի համար։ Նույնիսկ Չինաստանն է հասկացրել, որ միջուկային ռումբի կիրառման դեպքում Ռուսաստանը կանցնի կարմիր գիծը և կկորցնի Պեկինի լուռ աջակցությունը»:

Կրեմլի ղեկավարը դիտարկում է Ուկրաինային միջուկային հարվածը որպես վերջին միջոց, գրում է ռումինական Contributors-ը։«Այնուհետև հերթական միջուկային հարձակումից խուսափելու համար, Պուտինի հաշվարկով, Ուկրաինան ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը կհանգեցնի սեպտեմբերին բռնակցված շրջանների ճանաչմանը։ Ռուսաստանն ակնհայտորեն համոզված է, որ միջուկային հարվածի դեպքում Արևմուտքը չի պաշտպանի Ուկրաինային, քանի որ այն ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության վահանի մաս չէ։ Չի պաշտպանի նաև փոխադարձ միջուկային հարվածներից խուսափելու համար: Նման սցենարը հնարավոր է, եթե Պուտինը զգա իշխանությունը կորցնելու իրական վտանգ։ Նրա համար ավելի կարևոր է սեփական վարչակարգի գոյատևումը, քան Ուկրաինայի նկատմամբ հաղթանակը»։

Արևմուտքը պետք է իրեն սառնասիրտ պահի, գրում է ֆիննական Iltalehti-ն։

«Կրեմլը պետք է լավ մտածի, թե արդյոք Ռուսաստանը ցանկանո՞ւմ է միջազգային հանրության և մասնավորապես Չինաստանի աչքին երևալ որպես միջուկային զենք կիրառող հանցագործ պետություն՝ շարունակելու իր ձախողված նվաճողական պատերազմը… ԱՄՆ-ն արդեն հասկացրել է Պուտինին, թե որքան թանկ կլինի գինը, եթե Պուտինը դիմի միջուկային զենքի… Պատերազմով և անորոշությամբ նշանավորվող ժամանակաշրջանում արևմտյան պետությունները այլ ելք չունեն, քան պահպանել սառնասրտությունը և շարունակել աջակցել Ուկրաինային: Դուք չեք կարող ընկնել վախի այն թակարդը, որը սարքում է Պուտինը»:

Չնայած միջուկային էսկալացիայի սպառնալիքին, Արևմուտքը պետք է պատասխան տա Պուտինին, գրում է շվեյցարական Blick տաբլոիդը։

«1962-ի Կարիբյան ճգնաժամից ի վեր միջուկային էսկալացիայի հեռանկարը երբեք այնքան իրական չի եղել, որքան այսօր: Եվ, որ ավելի վատ է, աշխարհի պատմության մեջ երբեք չի եղել այնպիսի դաժան համակարգ, ինչպիսին պուտինյան Ռուսաստանը, որն այդքան հստակ սպառնում է նման զարհուրելի և ստոր զենքով: Սպառնալիքը լուրջ է. Ուկրաինայում դիտորդներն ու փորձագետները համակարծիք են, որ Պուտինն, անշուշտ, ունակ է մի քայլի, որը մինչև վերջերս աներևակայելի էր թվում… Մենք չգիտենք, թե ինչպես կգործի Ռուսաստանը, և մենք պետք է ապրենք այս անորոշությամբ։ Եթե ​​հիմա ձեռք մեկնենք Պուտինին, կնշանակի, որ մենք արդեն պարտվել ենք»։

Մեկնաբանել