Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչել չի նշանակում Արցախն ընդունել նրա մաս․ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն Արցախի խնդրի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը էապես տարբեր պատգամներ ունի, քան ՀՅԴ Բյուրոյի երեկ տարածած հայտարարությունը։ ՀՅԴ Բյուրոն համարում է, որ «ՀՀ վարչապետը եւ իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը եւ չունեն լեգիտիմ մանդատ Հայաստանի ու հայութեան անունից ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանութիւնն ու հայ ժողովրդի շահերը»։

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն, մինչդեռ, ՀՀ իշխանություններից պահանջում է պատասխանատվություն վերցնել արցախահայության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման համար․ «Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններէն կը պահանջենք յատուկ կեդրոնացումով եւ տրամադրելի բոլոր միջոցներով հասնիլ արցախահայութեան ապահովութեան եւ բարօրութեան՝ զարկ տալով անոր շուրջ աւելի մեծ միջազգային հետաքրքրութիւն եւ զօրակցութիւն ներգրաւելու աշխատանքին, ինչը նաեւ կ՛ենթադրէ վերցնել պատասխանատուութիւն՝ յանուն արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի ամբողջական իրականացման»։

Նշելով, որ «Հայաստանի Հանրապետութեան հողային ամբողջականութիւնը եւ անկախութիւնը հայ ազգին համար գերագոյն արժէքներ ըլլալէ բացի, միջազգային օրէնքներով ամրագրուած անվիճելի իրականութիւններ են։ Անոնք սակարկելի չեն եւ չեն կրնար ըլլալ որեւէ տեսակի տրամաբանութեամբ»՝ Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ-ն ընդգծում է․

«Ատրպէյճանի հողային ամբողջականութիւնը ճանչնալ՝ չի կրնար նշանակել ընդունիլ Արցախի Հանրապետութիւնը իբրեւ Ատրպէյճանի մաս՝ ինչ ալ թելադրեն ժամանակաւոր, անցողիկ, կամ մարտավարական տարազները։ Իրականութիւնը այն է, որ Արցախը հայկական է եւ պիտի մնայ այդպիսին»։

Հոկտեմբերի 8-ին ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում նշվում էր, որ «Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ պարագայում չի կարող հրաժարուել Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ ինքնորոշման իրաւունքի երաշխաւորի կարգավիճակից»։

***

Հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, որով «Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Նախքան պրահյան հանդիպումը՝ սեպտեմբերի 30-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում Արցախի հարցին կարող է և անդրադարձ չլինել»։

Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե 2007-ին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանը դրանով իսկ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման՝ 2007-ին ընդունված Մադրիդյան սկզբունքների առաջին կետում ամրագրված է․

«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում […] ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

Տե՛ս նաև՝ Փաշինյանը սխալ է՝ Մադրիդյան սկզբունքների առաջին կետը ինքնորոշումն էր, ոչ թե տարածքների վերադարձը

Մեկնաբանել