Ղրղզստանը չեղարկել է իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները 

Ղրղզստանը որոշել է չեղարկել իր տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները, հայտնել է այդ երկրի ՊՆ-ն։

Նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն – 2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները պետք է անցկացվեին Ղրղզստանի Հանրապետության տարածքում 2022-ի հոկտեմբերին։

Սեպտեմբերի 14-17-ին խոշոր բախում տեղի ունեցավ Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականների միջև։ Հակամարտության արդյունքում Ղրղզստանի 63 քաղաքացի է զոհվել, գրեթե 200-ը՝ վիրավորվել։ Տաջիկստանին սահմանակից գյուղերի ավելի քան 140 000 բնակիչ ստիպված են եղել լքել իրենց տները։ Սեպտեմբերի 18-ին Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը Տաջիկստանին մեղադրեց զինված ագրեսիայի համար։ Նույն մեղադրանքները Տաջիկստանն ուղղեց Ղրղզստանի հասցեին։

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է սահմանային հակամարտությունում 41 զոհի մասին։

Այս դեպքերից հետո Ղրղզստանի իշխանությունները կոչ են արել ՀԱՊԿ-ին ակտիվ մասնակցել Տաջիկստանի հետ երկրի սահմանին ստեղծված լարված իրավիճակի կարգավորմանը։ Ղրղզստանը կոչ է արել ՀԱՊԿ-ին փոխել կանոնադրական փաստաթղթերը՝ զինված ներխուժումները կանխելու և պետությունների միջև բոլոր տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար։

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։