Ալավերդցի Ավետիք Ալիխանյանի ու ընկերների կյանքի գնով անառիկ է պահվել մարտական դիրքը

Ավետ Ալիխանյանը

Ալավերդցի Ավետիք Ալիխանյանը զոհվել է սեպտեմբերի 14-ին՝ Գորիսի պաշտպանական մարտերում:

Հուղարկավորությունից երկու օր հետո՝ սեպտեմբերի 19-ին, Ավետիքի ծննդյան օրն էր, նա կդառնար 20 տարեկան: Ծնողներն ու ալավերդցիները նահատակված զինվորի ծնունդը շնորհավորել են նրա թարմ շիրմաթմբի մոտ:

Ալավերդցիները հրաժեշտ են տալիս Ավետին

«Մենք մինչև հիմա պաշտոնապես որևէ տեղեկություն չունենք, թե ինչ հանգամանքներում է զոհվել Ավետիքը»,- պատմում է մայրը՝ Արմինե Վանյանը:

ՍիվիլՆեթը սեպտեմբերի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից գրավոր տեղեկատվություն է խնդրել ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ավետիք Ալիխանյանի զոհվելու հանգամանքների մասին: Հարցմանն ի պատասխան՝ նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը հոկտեմբերի 6-ին գրավոր հայտնել է, որ հանձնարարվել է ՊՆ-ի զորակոչային և զորահավաքային ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանմանը Ավետիք Ալիխանյանի զոհվելու հանգամանքների վերաբերյալ տեղակատվությունը սեղմ ժամկետում տրամադրել ծնողներին:

Ավետիքի և հերոսացած մյուս զինվորների կյանքի գնով անառիկ է պահվել N մարտական դիրքը

Ալիխանյանը զոհվել է ՊՆ N զորամասի մարտական դիրքում: Զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Զորակ Երանոսյանը հեռախոսով ՍիվիլՆեթին հայտնեց, որ գումարտակի հետախուզական դասակի կալաշնիկովի գնդացրորդ Ավետիք Ալիխանյանը շատ դաստիարակված զինվոր է եղել և կռվել է հերոսաբար․ «Ավետիքի և հերոսացած մեր մյուս զինվորների կյանքի գնով մենք անառիկ ենք պահել N մարտական դիրքը և թույլ չենք տվել թշնամու առաջխաղացումը: Ավետիքը կռվել է խոշոր տրամաչափի զենքի դեմ: Երբ մեր դիրքերը գնդակոծել են, նա զորամասի մյուս գնդացրորդների հետ պատասխան կրակ է բացել: Ավետիքը զոհվել է դիպուկահարի կրակոցից»: Վերջինիս խոսքով` Ավետիքը մահացու վիրավորվել է վզի հատվածում: Զինվորին հրամանատարը և զորամասի բուժակը դիրքից տեղափոխել են սկզբում զորամասի բուժկետ, հետո՝ զորամասի հոսպիտալ:

«Հիմա մենք դեռ դիրքերում ենք, երբ կիջնենք զորամաս, իմ կողմից Ավետիք Ալիխանյանի հիշատակին դիրքում խաչքար եմ տեղադրելու»,- ասաց հրամանատարը:

Նրան բոլորը Ավետ էին անվանում

Տանը, ինչպես նաև դպրոցում ու բակում, Ավետիքին բոլորը Ավետ էին անվանում: Ավետը հինգ ամիս հետո պետք է ծառայությունն ավարտեր և վերադառնար տուն: Ծնողները՝ Արտակն ու Արմինեն, հաշվում էին օրերը՝ Ավետի վերադարձի սպասումով:

«Մենք տեղյակ էինք, որ Ավետը պատերազմի մեջ է, բայց կոնկրետ տեղեկություն չունեինք: Երբ սեպտեմբերի 13-ին իմացանք, որ Գորիսի սահմանին ադրբեջանական ագրեսիա է տեղի ունեցել, շատ անհանգստացանք»,- պատմեց մայրը: Տնեցիները սկզբում իրենց զանգերով չեն անհանգստացրել Ավետին, մտածել են՝ հարկ եղած դեպքում ինքը կզանգի: Այնուհանդերձ, երբ որդին չի զանգահարել, հայրը փորձել է ամեն կերպ տեղեկություն ստանալ նրանից:

«Այդ ժամանակ բոլոր հեռախոսահամարները անհասանելի էին»,- հիշում է Արմինեն: Ավետը հեռախոսով մորը պատմել էր, թե զորամասի կամբատը (գումարտակի հրամանատար Զորակ Երանոսյանը) իրեն շատ է սիրում: Ավետը շոյվել է դրանից, ու հաճելի այդ զգացումը փոխանցել է նաև ծնողներին:

Հայրն առաջինն է տեղեկացել որդու զոհվելու մասին

Արտակ Ալիխանյանն աշխատում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերության Արցախի Կաշենի հանքավայրում: Սեպտեմբերի 15-ին Արցախից տուն վերադառնալիս հայրը սովորույթի համաձայն մտել է Գորիսի զորամաս՝ Ավետին տեսնելու: Զորամասում երկու զինվոր է եղել, մնացածը պատերազմող դիրքերում էին: Արտակ Ալիխանյանը նկատել է, որ որդու ազգանունը լսելուն պես զինվորները շփոթվում են: Անհանգստանում է: Ավետի ծառայակիցները հանգստացնում են ընկերոջ հորը, թե իրենց զորամասում արտառոց բան չի կատարվել: Երբ Արտակը զորամասից դուրս է եկել, ալավերդցի ընկերոջը զորամաս են կանչել: Արտակի մոտ կասկածներ են առաջացել: Ճանապարհին անհանգիստ հայրը զանգել է Գորիսի զորամասի իրավաբանին:

Ավետը հոր հետ

Վերջինս ասել է, թե հետո կզանգահարի: Չի զանգահարել: Մեկ ժամ հետո Արտակը նորից է զանգահարել իրավաբանին: «Կողքիդ մարդ կա՞»,- հարցնում է իրավաբանը: Արտակը բացասական պատասխան է տվել, բայց հասկացել է, որ որդին զոհվել է: Ընկերը Արտակ Ալիխանյանին ծանր վիճակում տեղափոխել է Եղեգնաձորի հիվանդանոց:

Ավետի զոհվելուց հետո Արմինեն ապրում է անցյալով, երբ կար Ավետը, երբ կարող էր գրկել ու համբուրել որդուն, երբ իր ընտանիքը անսահման երջանիկ էր: Մայրը չէր ուզում Ավետին ներկայացնել պատերազմի գույներով: Արմինեն հոդվածի համար մեզ առաջարկեց որդու հետ ապրած երջանիկ օրերի լուսանկարները: Պատմեց, որ Ավետն ավարտել է Ալավերդու թիվ երկու դպրոցի 9-րդ դասարանը, ապա սովորել է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է նույն համալսարանի մաթեմատիկա և ծրագրային ճարտարագիտություն ֆակուլտետը:

«Ավետ Ալիխանյանը համալսարանի առաջին կիսամյակային քննությունները հանձնելուց հետո՝ 2021թ. փետրվարի 14-ին է զորակոչվել բանակ»,- հայտնեցին համալսարանից:

Ավետը մոր հետ

Ծնողները 44-օրյա պատերազմի օրերին խիստ անհանգստացել են 18 տարեկան դարձած Ավետին զինծառայության զորակոչելու հնարավորությունից: Մայրը Ավետին հորդորել է իր առողջական բոլոր խնդիրների մասին տեղեկացնել զինվորական բժշկական հանձնաժողովին: Ավետը նեղսրտել է, մորը խնդրել է նման բան չասել: «Ես ումի՞ց եմ լավը»,- ասել է նա: Մայրը չի մոռանում որդու հետ տեղի ունեցած այդ զրույցը: Արմինեի բնութագրմամբ՝ Ավետը նրբանկատ մարդ էր:

«Երբ Ադրբեջանի ագրեսիայի օրերին հայրը զանգահարում էր զորամաս, լսում էր պատերազմական աղմուկը: Ավետը հերքում էր, թե չէ, պապ, էդ քամու ձայնն է: Մեզ միշտ հանգստացնում էր, թե հանգիստ քնեք, ամեն ինչ կարգին է»,- հիշում է Արմինեն:

Կորոնավիրուսի ժամանակ մեկուսացման պատճառով Ավետի զինվորական երդման արարողությանը միայն հայրն է մասնակցել: Ավետն էլ ծառայության ընթացքում մեկ անգամ է եկել արձակուրդ: Քանի որ որդուն երկար ժամանակ արձակուրդ չէին տվել, Արմինեն ինքն է երկու ամիս առաջ ամուսնու և մյուս որդու հետ գնացել Գորիս՝ Ավետին տեսնելու: Վերջին շրջանում մոր հետ խոսելիս Ավետն ասում էր, թե բանակից վերադառնալուց հետո հոգեբան է դառնալու:

«Ճիշտ է, մեկ կիսամյակ սովորել էր Վանաձորի պոլիտեխնիկական համալսարանում, սակայն Ավետը հետո հասկացել է, որ հոգեբանի մասնագիտությունն իրեն ավելի հոգեհարազատ է»,- բացատրում է մայրը: Ալիխանյանները Ավետի զոհվելուց հետո փորձել են կապ հաստատել նրա բանակային ընկերների հետ, բայց բոլորի հեռախոսները անհասանելի են եղել:

Ավետը դիրքերում շփվել էր ադրբեջանցի զինվորների հետ

Հրադադարի օրերին իր հայրական կողմի տատին՝ Սեդա Սարգսյանին, Ավետը պատմել էր, թե զինվորներով շփվել են իրենց դիրքերից ոչ շատ հեռու գտնվող ադրբեջանական դիրքերի զինվորների հետ: Ավետի մտքով անցել է ադրբեջանցիների լեզուն սովորել: Տատը նախատել է թոռանը, թե՝ «Ավետ ջան, ինչի՞դ է պետք էդ շների լեզուն»: Տատն ասում է՝ հետո է հասկացել, որ թշնամու լեզուն իմանալը վատ բան չէ: Խոսելիս ժպիտը դեմքին խաղում էր: Բոլոր հարևանները ցավում են Ավետի համար․ միշտ փորձում էր օգնել բոլորին։

«Ավետ ջան, պատերազմի կրակոցները հետդ տար, որդի, որ էլ զինվոր չզոհվի»,- նահատակված թոռան հրաժեշտին պատգամեց մայրական կողմի կույր տատը՝ Զինա Վանյանը:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի