Մահացել է ամերիկացի ֆանտաստ Հարի Հարիսոնը

Հայտնի գրող Հարի Հարիսոնն այսօր հեռացել է կյանքից: 88-ամյա ֆանտաստի մահվան մասին լուրը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:

Հարիսոնն ավելի քան 200 գիտաֆանտաստիկ պատմվածքների և վեպերի հեղինակ է: Նրա գրվածքներից շատերը ժանրի դասական նմուշներ են համարվում: Դրանցից ամենալայն ճանաչումն են վայելում «Պողպատյա առնետը», «Մահվան աշխարհը» և «Եդեմը»: Այլ հայտնի ֆանտաստների հետ միասին նա համահեղինակել է Գալակտիկայի հերոս Բիլի մասին վեպերի շարքը:

Հարրի Հարիսոնի իսկական անունը Հենրի Մաքսվել Դեմփսի է: Նրա մայրը ռուսական արմատներ է ունեցել, հայրը՝ հունգարական: Ապագա գրողն ուսանել է Նյու Յորքի գեղարվեստի դպրոցում և ծառայել ԱՄՆ Ռազմաօդային ուժերի շարքերում: Տարբեր տարիների աշխատել է որպես նկարիչ և խմբագիր: Պրոֆեսիոնալ գրող դարձել է 1956թ.: Երկար ժամանակ ապրել է Մեքսիկայում, Դանիայում, Իտալիայում: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Իռլանդիայում:

Հարիսոնը Գիտաֆանտաստների համաշխարհային կազմակերպության հիմնադիրն է, Էսպերանտոյի համաշխարհային ասոցիացիայի պատվավոր ղեկավար: 1973թ. դարձել է «Նեբյուլա» մրցանակի դափնեկիր՝ Soylent Green ֆիլմի համար, որը նկարահանվել է իր «Մի կողմ քաշվեք, մի կողմ քաշվեք» վեպի մոտիվներով:

Մեկնաբանել