Ստեփանակերտի ցուցարարները սպասում են Երևան մեկնած պատվիրակության պատասխաններին

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտում կրկին հավաք տեղի ունեցավ։ ՍիվիլՆեթը զրուցեց ցույցի առաջնորդ Տիգրան Պետրոսյանի հետ։

Նա ասաց, որ սպասում են Երևան մեկնած պատվիրակության պատասխաններին։

«Մենք հարցեր ենք ուղղել պրահյան ու պետերբուրգյան հանդիպումների վերաբերյալ։ Նրանք գնացել են ճշտելու, թե ինչ է կատարվում։ Պատվիրակությունն էլ ներկայացնելու է, թե ինչ է կատարվել, իհարկե, եթե, ճիշտը պատմեն։ Ըստ այդմ էլ, մենք պիտի որոշենք, թե արտաքին քաղաքականության մեջ ինչ քայլեր կձեռնարկենք և ինչ ուղղությամբ»,- ասաց Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է ներարացախյան պահանջներին՝ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանի լիազորությունները պետք վերցնել․ «Այդ մարդը մեր փոխարեն բանակցելու ու որոշումներ կայացնելու իրավունք չունի, իր լիմիտը սպառվել է։ Ճնշելու ենք, որ նրա լիազորությունները ձեռից վերցնենք»։

Նա մի քանի մեխանիզմ առաջարկեց «լիազորություններ վերցնելու»․ «Կադրային փոփոխություններ ենք առաջարկել, իսկ, օրինակ, կողքից Կոմիտե ստեղծելու առաջարկ եղավ։ Երկու տարբերակներն էլ ընդունելի են, սակայն առաջնահերթությունը նրա լիազորությունները «ձեռքից» վերցնելն է»։

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Երևան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այցի հիմնական նպատակն է քննարկել 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ հանրահավաք, որի նպատակն էր ցույց տալ՝ արցախցիները դեմ են Ադրբեջանի կազմ մտնելուն։

Հոկտեմբերի 9-ին հավաքը մարդաշատ չէր։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և հարակից տարածքներում մեծ քանակությամբ ուժային կառույցների ներկայացուցիչներ էին հերթապահություն իրականացնում։

Մեկնաբանել