ԵԽԽՎ-ում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային լիագումար նիստի ընթացքում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների հարցը, հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը։

Հայաստանին առնչվող քննարկումը վերնագրված է՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողություններ, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին»։

Հոկտեմբերի 10-ից 14-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստի ընթացքում քննարկվել են նաև «Եվրոպան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի սկսվելուց կես տարի անց», «Եվրոպայում պարենային անվտանգություն. հացահատիկի արտահանում ուկրաինական նավահանգիստներով» թեմաները։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 4 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ։ Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել է հրադադար։