Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ. ի՞նչ սպասել հաջորդիվ

Բենիամին Պողոսյան, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ագրեսիայի նոր փուլ սկսեց Հայաստանի դեմ՝ երեք տարբեր մարզերի ուղղությամբ՝ Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում հարձակվելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Առաջնագծի երկարությունը և Ադրբեջանի կողմից կիրառվող զինամթերքի քանակը գերազանցեց 2016-ի ապրիլյան քառօրյայի ծավալները։ Ռազմական գործողությունները, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհված ու անհայտ կորած ավելի քան 200 զինվոր և խաղաղ բնակիչ, իսկ ադրբեջանական զորքերը գրավեցին հայկական նոր տարածքներ, դադարեցին սեպտեմբերի 14-ի ուշ երեկոյան։

Ռազմական սրացման այս վերջին դրվագը ապացուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի ու Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների փխրունությունը։ Հայաստանը դիմեց Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Սակայն Ռուսաստանը ռազմական միջամտություն չցուցաբերեց։ Ագրեսիան տեղի ունեցավ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումից ընդամենը 12 օր անց և Մոսկվայում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի երկրորդ նիստից 13 օր անց։ Հաշվի առնելով կարճ ժամանակահատվածը՝ Ադրբեջանին, հավանաբար, չէին բավարարել արդյունքները, և նա որոշեց վերադառնալ հարկադրական դիվանագիտությանն ու ռազմական շանտաժի իր գործիքներին։

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանն ամբողջությամբ չեն բացահայտում բանակցությունների մանրամասները։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ դրանք կենտրոնացած են երկու հիմնական հարցի վրա․ առաջին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ապագան, և երկրորդ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»:

Ադրբեջանն ունի հստակ տեսլական, որ խաղաղության ցանկացած պայմանագրում ընդհանրապես չպետք է հիշատակվի Լեռնային Ղարաբաղը։ Բաքվին պնդում է, թե գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքային կամ վարչական միավոր, և Ադրբեջանում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ արտոնություն։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է նաև բացել Զանգեզուրի միջանցքը, որը թույլ կտա Բաքվին Հայաստանի տարածքով անցնել Նախիջևան՝ շրջանցելով Հայաստանի սահմանային և անձնագրային հսկողությունը։

Ադրբեջանը նաև պնդում է, որ չի բանակցելու ևս 26 տարի՝ նկատի ունենալով Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը։ Կա՛մ Հայաստանը կընդունի Ադրբեջանի պահանջները և կստորագրի համապատասխան փաստաթղթերը, կա՛մ Ադրբեջանը կշարունակի իր հարձակումները Հայաստանի դեմ և կարող է անգամ ուժ կիրառել Զանգեզուրի միջանցքը բացելու համար։

Հայաստանի դիրքորոշումն նվազ հստակ է։ Սեպտեմբերի 14-ին Հայաստանի խորհրդարանում և սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթներում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ պայմանով, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այն է՝ 29 800 կիլոմետր քառակուսի մակերեսով։ Հատկանշական է, որ Փաշինյանը ոչինչ չասաց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ նրա ինքնորոշման իրավունքի մասին։

Նա միայն ասաց, որ տարածաշրջանային կայունության համար վճռորոշ գործոններից մեկը Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումն է, որը կանդրադառնա և կերաշխավորի այնտեղ ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Նա նաև կոչ հնչեցրեց, որ ապահովվի ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ այնտեղ մարդասիրական և մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու և տեղում մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը բացառեց Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հնարավորությունը։ ՄԱԿ-ում ելույթից հետո Փաշինյանը սեպտեմբերի 26-ին մեկնեց Ֆրանսիա և հանդիպեց նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպմանը նա ասաց, որ անհրաժեշտ է ստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր՝ 1991-ին ԱՊՀ հիմնադրման պայմանագրով սահմանների փոխադարձ ճանաչմամբ, ըստ որի՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները դառնում էին պետական սահմաններ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին՝ Փաշինյանն ասաց, որ հակամարտության ցանկացած կարգավորում պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, սակայն կրկին չխոսեց ո՛չ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ո՛չ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց Ֆրանսիա և հանդիպեց իր ֆրանսիացի պաշտոնակցին։ Նա հայտնեց, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը առաջիկայում պատվիրակություն է ուղարկելու Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։ Նույն օրը Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որի միջնորդությամբ կայացել էր այս հանդիպումը, ավելի ուշ Թվիթերում գրեց, որ երկու պաշտոնյաները քննարկել են ռազմական հետագա սրացումների կանխարգելման կարևորությունը և պատշաճ ժամանակում ու նպատակային բանակցություններին հետամուտ լինելը, ինչպես նաև նախանշել են կայուն և տևական խաղաղության աջակցմանն ուղղված կոնկրետ քայլեր:

Գարեգին Բ կաթողիկոսի հրավերով սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների հանդիպումը՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Սեպտեմբերի 26-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ելույթ ունենալով Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում, ասաց, որ Հայաստանը պետք է ցավոտ որոշումներ կայացնի և պայմանագրեր ստորագրի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Նա ընդունեց, որ այս քայլերը հավասարազոր են կապիտուլյացիայի, բայց զգուշացրեց, որ այլ տարբերակներ ավելի աղետալի կլինեն Հայաստանի համար։

Անդրկուլիսային դիվանագիտական ջանքեր են գործադրվում Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններում բեկումնային տեղաշարժի հասնելու համար։ Բաց աղբյուրներից տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որում ընդհանրապես չի հիշատակվի Լեռնային Ղարաբաղը։ Այսպիսով, Հայաստանը կընդունի, որ Արցախի հարցը բացառապես Ադրբեջանում բնակվող էթնիկ հայ փոքրամասնության իրավունքների ապահովման խնդիրն է, այսինքն՝ Հայաստանն իրեն չի ծանրաբեռնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակով։

Մինչդեռ Հայաստանը միջազգային դերակատարներից պահանջում է կենսունակ երկարաժամկետ երաշխիքներ, որպեսզի համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը հրաժարվի Զանգեզուրի միջանցքի նկատմամբ իր հավակնություններից, ուժերը դուրս բերի օկուպացված հայկական տարածքներից, զերծ մնա հետագա հարձակումներից և հրաժարվի ռազմական ճնշման ռազմավարությունից։

Անգլերենից թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել