Լարս․ Վրաստանի խտրական վերաբերմունքը Ռուսաստանի՝ հյուսիսկովկասցի քաղաքացիների նկատմամբ

Ռուս-վրացական սահմանային անցակետը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո։ Լուսանկարը՝ Վերին Լարսի անցակետի Telegram-ի ալիքից։

Լուիզա Մչեդլիշվիլի և Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Այն պահից, երբ Ռուսաստանը հայտարարեց ռազմական մոբիլիզացիայի մասին, Ռուսաստանի Դաշնության հարյուր հազարավոր քաղաքացիներ սկսեցին լքել երկիրը: Մինչ հազարավոր մարդիկ հերթ էին կանգնում հարևան Վրաստանի հետ սահմանին, Վրաստանի իշխանությունները խտրական վերաբերմունք էին ցուցաբերում Հյուսիսային Կովկասից եկողների նկատմամբ:

Տասնյակ մարդիկ, հիմնականում զինվորական տարիքի տղամարդիկ, պառկած էին հատակին դրված ստվարաթղթե արկղերի վրա անմիջապես ցերեկային վառ լույսերի տակ՝ անձնագրային հսկողության կետի տարածքից դուրս: Ոմանք ոտքերը ծալած վիճակում էին պառկում աստիճանների վրա, քանի որ հատակի ողջ տարածքն արդեն զբաղված էր:

Սեպտեմբերի 27-ին Telegram-ում հրապարակված տեսանյութի վերնագրում չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը կշտամբում էր Վրաստանի իշխանություններին, որ Հյուսիսային Կովկասից մարդկանց «դեռ թույլ չեն տալիս ներս մտնել»:

Այս մարդիկ սահմանների արանքում գտնվող «չեզոք գոտում» էին․ նրանց թույլ էին տվել լքել Ռուսաստանը, բայց նրանք չէին կարողացել մուտք գործել Վրաստան, համենայն դեպս մինչև «222 սենյակում» վրացական սահմանապահ ոստիկանության կողմից չհարցաքննվեին։

Սա ավելի ուշ հաստատեց վրացական Սոցիալական արդարադատության կենտրոնը, որը դիմել էր երկրի պետական մարմիներին ու խորհրդարանին, որպեսզի հետաքննեն, թե ինչու է ոստիկանությունը սահմանին զտում հյուսիսկովկասցիներին ըստ նրանց «ֆիզիկական, կրոնական և մշակութային հատկանիշների»:

Նմանատիպ տեսանյութեր է հրապարակել նաև չեչենական «1ADAT» հասարակական շարժումը, որը ենթադրում է, որ Ռուսաստանի այլ շրջանների քաղաքացիներին թույլատրվում է հատել սահմանը, սակայն Հյուսիսային Կովկասի հանրապետություններից եկածների մուտքը՝ մերժվում։

222 սենյակ

«Սա իմ կյանքի ամենադժվար ճամփորդությունն էր»,- ասում է 35-ամյա չերքեզ ազգագրագետ և երաժիշտ Բուլատ Խալիլովը։

Կաբարդինո-Բալկարիայից Վրաստան հասնելը սովորաբար տևում է վեց ժամ, ասում է Խալիլովը։ Սակայն սեպտեմբերի 24-ին հայրենի Նալչիկը լքելուց հետո նա Վրաստան հասել է չորս օր անց միայն:

Հասնելով սահմանից վեց կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստորին Լարս բնակավայր՝ Խալիլովը և նրա ընկերը երկու օր մնացել են խցանման մեջ, քանի որ նրանց ավտոմեքենան ստիպված էր դանդաղ առաջ շարժվել հարյուրավոր այլ մարդկանց ավտոմեքենաների հետ, որոնց տերերը փորձում էին փախչել Ռուսաստանից: Նրանք ի վերջո որոշում են գնալ ոտքով, ինչի համար նրանցից ևս 30 ժամ է պահանջվում դեպի սահման շարժվող ամբոխի պատճառով:

Խալիլովը պատմում է, որ տաքսիների շատ վարորդներ մարդկանց առաջարկում էին չափազանց մեծ վճարների դիմաց նրանց գրունտային ճանապարհներով տանել սահման։

Նրանք ի վերջո կարողանում են առանց քաշքշուկների հատել սահմանի ռուսական կողմը, սակայն վրացական անձնագրային հսկողության կետ հասնելուց հետո կրկին ստիպված են լինում դանդաղ առաջ շարժվել:

Վրաստանի սահմանապահ մի ոստիկան, տեսնելով նրանց անձնագրերն ու կացության թույլտվությունները, ասում է, որ գնան 222 սենյակ:

«Այդտեղ են գնում բոլոր կովկասցիները կամ նրանք, ովքեր ունեն կովկասյան կացության թույլտվություն»,- ասում է Խալիլովը։

222 սենյակի դիմացի սպասասրահում Խալիլովի հետ Հյուսիսային Կովկասի հանրապետություններից եկած տասնյակ մարդիկ են եղել։

«Այնտեղ մարդիկ՝ երեխաներ, կանայք, տղամարդիկ և տարեցներ, հատակին պառկած էին ստվարաթղթե արկղերի կամ իրենց իրերի, բաճկոնների ու վերմակների վրա, որոնք իրենց հետ բերել էին,- ասում է նա։- Դա նման էր փախստականների և համակենտրոնացման ճամբարի միջև մի բանի»:

Խալիլովի խոսքով՝ սենյակում գտնվող մարդկանց սնունդ չէր տրամադրվում, միայն ջուր կարող էին խմել լոգարանի ավազաններից:

«Բավական նվաստացուցիչ էր, և այժմ, երբ բախվում ենք նման անբացատրելի վերաբերմունքի և անվստահության, մի փոքր սարսափելի է»:

Չեչեն գործարար Իբրահիմ Ումարխաջիևի խոսքով, որն իր որդու և եղբորորդիների հետ ճանապարհորդում էր Վրաստան, 222 սենյակը սահմանային անցակետի կենտրոնական կետն էր և այնտեղ միշտ Հյուսիսային Կովկասից եկողներին էին հարցաքննում:

«Հյուսիսկովկասցիների նկատմամբ այս վերաբերմունքը նկատել եմ Վրաստան կատարած իմ նախորդ ուղևորությունների ժամանակ, երբ համաճարակից հետո մուտքն արդեն բացվել էր», – OC Media-ին ասել է նա։

Այն ժամանակ, հիշել է Ումարխաջիևը, դա համեմատաբար ավելի հեշտ գործընթաց էր, ընդամենը տվյալների սովորական ստուգում, որը մի քանի րոպե էր տևում:

Նա ասել է, որ հյուսիսկովկասցի բոլոր բնիկները բաժանված են խմբերի և ցուցակների, որոնք սպասում են 222 սենյակում անցկացվելիք հարցաքննության. նա և հարազատները 92-րդ ցուցակում էին։

Կովկասի ժողովրդին ուղղված կոչ-խնդրանք

Քանի որ շատ հյուսիսկովկասցիներ ստիված էին օրեր անցկացնել չեզոք գոտում, չեչենական իրավապաշտպան «Վայֆոնդ» կազմակերպությունը անցակետում արգելափակվածներին սննդով և ջրով ապահովելու արշավ սկսեց:

«Մարդն իրավունք ունի ապաստան խնդրել, և նրա ձայնը պետք է լսելի լինի»,- կազմակերպությունից ասել են OC Media-ին:

Նրանք Վրաստանին մեղադրում են, որ մերժել է փախստականներին, թույլ չի տվել երկիր մուտք գործեն մարդիկ, որոնք պնդում են, որ վտանգի տակ են, քանի որ դեմ են Չեչնիայի ներկայիս կառավարությանը:

«Քաղաքակիրթ երկիրը պետք է ապաստան տրամադրի, եթե գործում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ոգով»:

Թբիլիսիում տեղի է ունեցել նաև բողոքի ցույց, որը կազմակերպել էին վրացական Պանկիսի կիրճի մի խումբ երիտասարդ ակտիվիստներ։

Բողոքի ցույցը, որին հիմնականում մասնակցել են կիստերը (Պանկիսում բնակվող չեչեն ենթաէթնոս) և չերքեզ ակտիվիստները, տեղի է ունեցել խորհրդարանի շենքի դիմաց։

Բողոքի ցույցերի կազմակերպիչներից Շմագի Սախարաձեն ասել է, որ Վրաստանը, ըստ էության, պետք է Հյուսիսային Կովկասի բնակիչներին ոչ թե պակաս, այլ ավելի բարեհաճ վերաբերվի, քան Ռուսաստանի այլ շրջանների ռուսներին։

Պանկիսիից եկած երիտասարդները, որոնց միացել են չերքեզ, ռուս և վրացի ակտիվիստները։ Սեպտեմբերի 28-ի ցույցին նրանք բողոքում են սահմանին հյուսիսկովկասցիների նկատմամբ խտրականությունից: Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

«Կարծում եմ՝ կովկասցիների Վրաստան ժամանելուն չպետք է խոչընդոտել։ Նայեք այսօրվա հանրահավաքին, «Ո՛չ մոբիլիզացիային» և «Ո՛չ խտրականությանը» [կարգախոսներ – խմբ․] կան»։

«Կարծում եմ, որ կովկասցիները չպետք է որպես թնդանոթի միս օգտագործվեն Ուկրաինայում Պուտինի պատերազմում, ինչպես նաև չպետք է խնդիրներ ունենան վրացական սահմանը հատելիս։ Կարծում եմ՝ ամբողջ Կովկասը՝ լինի Ցխինվալին, Սուխումին, թե Հյուսիսային Կովկասը, օկուպացված է»,- ասում է Սախարաձեն։

Սեպտեմբերի 29-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել՝ նույնկերպ առաջարկելով, որ Հյուսիսային Կովկասը համերաշխություն ցուցաբերի ընդդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման, նաև կոչ է արել Հյուսիսային Կովկասի բնակիչներին անել հնարավորը՝ խուսափելու Ռուսաստանի «խայտառակ պատերազմին» մասնակցելուց։

«Դաղստանցիները չպետք է մահանան Ուկրաինայում. [Ոչ էլ – խմբ․] չեչենները, ինգուշները, օսերը, չերքեզները կամ որևէ այլ ժողովուրդ, որը հայտնվել է Ռուսաստանի դրոշի տակ»:

222 սենյակին հարող սրահում արգելափակված՝ Ումարխաջիևը նույնպես ձեռքերը ծալած չի նստել։ Նա հանձնարարել է իր զարմիկներից մեկին՝ Թիմուրին, որը Բելգիայի քաղաքացի է, օգնության խնդրանքով դիմել Թբիլիսիում Բելգիայի հյուպատոսարան։ Այնուհետև նա որդուն հանձնարարել է դահլիճում գտնել երկքաղաքացիություն ունեցող այլ անձանց, որոնց օգնել է, որպեսզի դիմեն տարբեր դեսպանատների։

Ումարխաջիևը և Թիմուրը նաև խնդրագիր են գրել Եվրոպական խորհրդարանին, ՄԱԿ-ին և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների:

«Ամեն ինչ սկսեց տեղից շարժվել»,- ասում է գործարարը, քանի որ, վերջապես, մարդկանց թույլ տվեցին մուտք գործել Վրաստան։

Մեկնաբանել